Քաղաքացիական կրթության կենտրոն` ՇՊՀ-ում
Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքացիական կրթության կենտրոնի» հանդիսավոր բացումը։
Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանության և այլ բուհերի ներկայացուցիչներ, ՇՊՀ-ի վարչական կազմը և ուսանողները։
Մինչև համատեղ գործունեության պայմանագիրն ստորագրելը հյուրերին ողջունեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը՝ կարևորելով Գյումրիում երիտասարդների համար նման կենտրոն ունենալու անհրաժեշտությունը։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղումաշյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի երիտասարդների ներգրավման բաղադրիչի ղեկավար Արմեն Բեժանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
«Քաղաքացիական կրթության կենտրոնն» ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց բովանդակային և կայուն ներգրավման համար։
«Քաղաքացիական կրթության կենտրոնը» ծրագրի կողմից կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով։ Կենտրոնում գործում է նաև գրադարան, որտեղ առկա է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրամատչելի գրականություն։ Թե՛ համալսարանի ուսանողները, և թե՛ համայնքի երիտասարդները կենտրոնի ռեսուրսներից կարող են անվճար օգտվել և մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների։










