ՇՊՀ օտար լեզուների ուսուցման կենտրոնն անցնում է արտաքին փորձագիտական գնահատում
Շիրակի պետական համալսարանի ներքին և արտաքին շահառուների և շահակիցների անգլերեն լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում վերջերս բուհում հիմնվեց Օտար լեզուների ուսուցման կենտրոնը։ Էրազմուս+ SMARTI-ն նորարարական ծրագիր է, որի խնդիրն է մշակել և կիրառել «Անգլերենը որպես դասավանդման միջոց» տասը համապարփակ մեթոդական մոդուլներ գործընկեր երկրների բուհերի ՊԴ կազմերի և ուսանողների համար՝ կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) գործածությամբ ուսուցումը նաև անգլերենով իրականացնելու նպատակով։
Այժմ Օտար լեզուների ուսուցման կենտրոնը և բուհի կողմից մշակված ու արդեն երկու անգամ փորձարկված մոդուլներն անցնում են արտաքին փորձագիտական գնահատում։ Այդ նպատակով այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, SMARTI ծրագրի աշխատանքային խումբը և մոդուլների փորձարկմանը մասնակցած ուսանողներն առցանց աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցան արտաքին փորձագիտական խմբի հետ։ Հանդիպման նպատակը ՇՊՀ-ի օտար լեզուների կենտրոնի գործունեության և փորձարկված երկու մոդուլների արտաքին գնահատումն էր:





