«Արյան դոնորության կարևորությունը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում ս.թ. հոկտեմբերի 2-ին հյուրընկալվել էին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Արյան գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը, Արյան բանկերի համակարգող Լուսինե Հակոբյանը և Գյումրու արյան բանկի վարիչ Նաիրա Մելիքսեթյանը:
Ողջունելով հյուրերին ու մասնակիցներին՝ ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը նշեց, որ ՇՊՀ-ի ուսանողներն ու աշխատակիցները միշտ պատրաստակամ են եղել ըստ անհրաժեշտության արյուն հանձնել, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ժամանակ այդպիսի միջոցառում կազմակերպվեց հենց ՇՊՀ-ում, սակայն ցանկալի է, որ արյան դոնորություն իրականացվի պարբերաբար, առանց սպասելու որևէ առիթի կամ անհրաժեշտության:
Իր խոսքում Ա. Շամիլյանը նույնպես կարևորեց արյան դոնորության մշակույթի ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ դրան առնչվող բոլոր հարցերը բուհի աշխատակիցներին և ուսանողներին ներկայացնելու և լուսաբանելու միջոցով:
Հանդիպման ընթացքում Ա. Շամիլյանը մանրամասն ներկայացրեց, որ արյան դոնորությունը ոչ միայն փրկում է հիվանդի կյանքը, այլև դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: Նա շեշտեց, որ արյան դոնորությունը խթանում է արյան նոր բջիջների արտադրությունը և նույնիսկ կարող է նվազեցնել որոշ հիվանդությունների առաջացման ռիսկը:
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն էլ շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ նրանք կատարում են հիրավի շատ կարևոր ու հայրենանվեր գործ։






