ՇՊՀ-ում էին ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանն ու պատվավոր հյուպատոսը

Ճանաչողական այցով Շիրակի պետական համալսարան էին ժամանել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը և Արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության պատասխանատու Սառա Խոջոյանը։

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու դեսպան Էնդրյու Թըրներին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ կրթության ոլորտում կապերն ամրապնդելու, փոխադարձ ճանաչողական այցերի միջոցով փորձի փոխանակման ու հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Ե․ Սերոբյանը նշեց, որ Շիրակի պետական համալսարանը միշտ բաց է համագործակցության նոր հնարավորությունների համար։ Նա համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը նոր նախադրյալներ կստեղծի ՇՊՀ-ի և Կանադայի բուհերի միջև արդյունավետ գործակցության համար։

Դեսպան Թըրները շնորհակալություն հայտնեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանին՝ ջերմ ընդունելության, համագործակցության պատրաստակամության և կրթական ոլորտում երկկողմ կապերն ամրապնդելու համար ցուցաբերած ուշադրության համար։

Հանդիպման ավարտին ռեկտոր Ե․ Սերոբյանը հյուրերին ծանոթացրեց Շիրակի պետական համալսարանի ենթակառուցվածքներին և ՇՊՀ-ի գրադարանի «Ոսկե ֆոնդին»։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ ԳՄ մասնաճյուղի տնօրեն Կ․ Պետրոսյանը և ՇՊՀ-ի արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը։