«Արհեստական բանականության գործիքներ» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոնում» անցկացվեց «Արհեստական բանականության գործիքներ» թեմայով դասընթաց, որի բանախոսն էր լրագրող, արհեստական բանականության (ԱԲ) փորձագետ Հայկ Հովհաննիսյանը։

Դասընթացի ընթացքում բանախոսն անդրադարձավ ժամանակակից աշխարհում արհեստական բանականության աճող դերին։ Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ է ԱԲ-ն, ինչպես է այն աշխատում, անդրադարձավ դրա կիրառման հեռանկարներին, էթիկական խնդիրներին և ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին։

Տեսական մասին հաջորդեցին գործնական առաջադրանքները, որոնց միջոցով մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության գործիքների հիմնական առանձնահատկություններին և դրանց կիրառման լայն հնարավորություններին։

Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։

Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: