ՇՊՀ-ում անցկացվեց Էրազմուս+ T4GREEN ծրագրի մասնակիցների հաշվետվությունը

Հոկտեմբերի 18-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ T4GREEN (Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման) ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած աշխատակիցների հանրային հաշվետվությունը: Այսպիսի հաշվետվությունները բուհի ռեկտոր Ե. Սերոբյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ արդեն դարձել են ավանդույթ: Հերթական այս աշխատաժողովի թեման ս.թ. սեպտեմբերի 9-13-ը Պորտուգալիայի Բեիրայի Ինտերիոր համալսարանում իրականացված աշխատանքներն էին:

Հնգօրյա վերապատրաստման ծրագրին ՇՊՀ-ից մասնակցել էին Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը, Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ Լուսիկ Ղուկասյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Նելլի Նալբանդյանը։ Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները նրանք գործընկերներին ներկայացրին սահիկաշարի միջոցով՝ մանրամասն նկարագրելով իրենց կատարած աշխատանքները և պատասխանելով ներկաների հարցերին:

ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանը, ամփոփելով հանդիպումը, նշեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի գործընկեր համալսարանների հետ մշակել մանկավարժական կրթության հայեցակարգի աշխատանքային տարբերակը, որը կքննարկվի դեկտեմբերին Չեխիայի Մասարիկի համալսարանում նախատեսված աշխատաժողովի ընթացքում: