ՇՊՀ-ում կայացավ Էրազմուս+ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Հունիսի 24-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ նոր մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» — SMARTI ծրագրի աշխատանքային խմբի, շահառու ուսանողների և դասախոսների հանդիպումը։

Նշենք, որ Էրազմուս+ SMARTI ծրագրի նպատակն է միջին մակարդակի անգլերենի ուսուցումը գործընկեր երկրներում՝ բնագիտամաթեմատիկական և ՏՏ որոլտների մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերում։

ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը ծրագրի շահառու համարվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, պատասխանեց նրանց հարցերին։

Աշխատանքային խումբը քննարկեց նաև ծրագրի շրջանակներում առաջիկա անելիքներն ու մասնակիցների աշխատանքի ուղղվածությունը։

Ծրագրին մասնակցում են 5 հայաստանյան, 4 ռուսաստանյան և 4 եվրոպական համալսարաններ։

Եռամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է անցկացնել անգլերենով դասավանդող աշխատակազմի կարողությունների զարգացման թրեյնինգներ, իսկ վերջնարդյունքում համալարաններում կհիմնվեն լեզվի կենտրոններ, կմշակվի և կներդրվի անգլերենով դասավանդման ձեռնարկ։