Սարալանջ․ նարեկաբուժությամբ հրաշքներ գործող գյուղը

Արագած լեռան հյուսիս-արևմտյան փեշերին փռված Սարալանջ գյուղը Շիրակի մարզի այն եզակի տեղանքներից է, որտեղ ուխտավորների պակաս չկա։

Հյուրընկալ, գողտրիկ գյուղը գովազդի կարիք ամենևին չունի․ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդկանց այստեղ բերում է ոչ թե քաղցրահամ մեղրը կամ սարերի դոշին աճող յուրատեսակ հոտ ու համով բուժիչ ուրցն ու դաղձն, այլ սուրբ գրքով՝ «Նարեկ»-ով բժշկվելու, զորանալու պահանջը։

Ամեն չորեքշաբթի՝պատարագին, ժամերգության ժամերին գյուղի «Սուրբ Նարեկ» անունը կրող 5-րդ դարի բազիլիկ ոճի եկեղեցում «Նարեկ»-ով բժշկության կարգ են կատարում։ Շատերն են աղոթատունը տեսնում իրենց երազներում ու գալիս, գտնում են։

Ամեն չորեքշաբթի եկեղեցի է բերվում բազում մարդկանց բուժած, հրաշագործություններ կատարած սուրբ գիրքը՝ 1700 թվականների «Նարեկ»-ը, որը եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի ձեռքի գիրքը։ Այն տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից, երբ 1828-1829 թթ․-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսից, Մուշից, Ալաշկերտից գաղթելով՝ հիմնել են Սարալանջը։

Սարալանջի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է՝ լինում են դեպքեր, երբ ծանր վիրահատության պատրաստվող մարդիկ նախ գալիս են բժշկության աղոթքներ լսելու, «սուրբ գրքով զորանալու», որից հետո վիրահատությունները բարեհաջող են անցնում։

Եկեղեցու մոմավաճառը՝ Հեղինե Մարգարյանն էլ, որը գյուղի աղջիկ է, հարս, կնքվել է եկեղեցում, երբ այն դեռևս ավերակ վիճակում էր, պատմում է․ «Միշտ հարցնում եմ՝ որտեղի՞ց եք գալիս, կան մարդիկ, որոնք լսել են մեր գյուղի մասին, բայց շատերն իրենց երազներում են տեսել ու տեսիլքի հուշումով գյուղ հասել։

Մի անգամ արտառոց մի դեպք տեղի ունեցավ․ մի կին երկու տղա ուներ՝ 20 և 25 տարեկան, երկուսն էլ հաշմանդամ էին, մարմինները պատահական փայտացել էին։ Մայրը երազ էր տեսել, մեր սուրբ գիրքն էր գնացել երազին, հարցուփորձ անելով՝ գտավ մեր քահան Եղիշեին  ու այս գրքի հետ միասին նրան հրավիրեցին Երևան։ Հետո կինը նորից եկավ գյուղ, հարցրեցի՝ ինչպե՞ս են զավակներդ, ասաց՝ դրական մեծ տեղաշարժ կա։

Մի անգամ էլ Արմավիրի Սարդարապատ գյուղից եկան, 10-րդ դասարանի ավարտական քննությունների ընթացքում աղջիկ երեխան՝ 17 տարեկան, թուլացել էր։ Թևերի տակ ընկած՝ բերեցին մեր եկեղեցի, երեխան չէր կարողանում կանգնել։ Տեր Եղիշեին կանչեցինք, գիրքը բերեցինք, հետո մեր քահանային գրքի հետ հրավիրեցին իրենց տուն։ Հրավիրեցին ու աղջիկը քննություններին իր ոտքով գնաց։ Չգիտեմ՝ սթրես էր տարել, թե ինչ էր եղել, բայց փաստն այն է, որ բուժվեց։ Դե ասեք չկա զորություն։

Չգիտեմ՝ որ մի դեպքը թվարկեմ, Վանաձորից էլ են եկել, Արցախից էլ են եկել, չեմ կարող մանրամասն հիշել բոլոր պատմությունները, թե որի հետ ինչ խնդիր կար, բայց որ մարդիկ գոհ հեռացել են, դա փաստ է։

Երկու տղաներ էլ ունենք, անունները Նարեկ, որոնք ծնվել են ուխտագնացությունից հետո։ Մի ընտանիք կար, 12 տարի երեխա չէր ունենում, քահանան գիրքը կարդաց ամուսինների գլխին ու ասաց՝ մյուս տարի այս ժամանակ եթե Նարեկ անունով երեխայի հետ չեկաք էստեղ, էլ իմ բոլորը չերևաք։ Մեկ էլ մի գեղեցիկ օր տեսնենք երեք ամսական Նարեկին բերում են մեր եկեղեցի՝ կնքելու։

44 օրյա պատերազմից հետո էլ մեր «Նարեկ»-ը բազում զինվորների է բուժել, օգնել է մոռանալ պատերազմի արհավիրքը»։

Մոմավաճառ կինը հիշում է, թե ինչպես երկու տարի շարունակ չորացրել է ձնախառն բքից թրջված գիրքը։

«Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը եղել է այս եկեղեցու գիրքը։ Տեր-Տերտերյանների թոռը՝ Հարությունը, եկեղեցում աշխատել է քահանա, իսկ երբ Խորհրդային տարիներին եկեղեցին փլուզեցին, պահեստի վերածեցին, գիրքը տեղափոխեցին իրենց օջախ, Նարեկացի անունով իրենց սրբում դրեցին։ Հետո տանտերերը գնացին Ռուսաստան, գիրքը մնաց իրենց սրբի անկյունում, այնպես էր խիղճս տանջում։

Մի օր սարսափելի բուք էր, դուրս եկա, տեսա քամին դուռը բացել, գիրքը շպրտել էր գետնին։ Վերցրեցի, բերեցի տուն, երկու տարի պատուհանի գոգին դրած՝ չորացրել եմ լուցկու հատիկներով՝ թերթ առ թերթ։

Քավորիս՝ մեր գյուղի հիմիկվա քահանային՝ Տեր Եղիշեին, ասի՝ քավոր ջան,  էս գիրքը չգիտեմ ինչ պիտի անենք, ո՞ւմ դիմենք, որ կարողանանք վերականգնել։ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին դիմեցինք, տարան, 6-7 ամիս մնաց իրենց մոտ, փոքրիկ մասնիկ էին վերցրել գրքից, բայց տեսել էին, որ այն նյութը, որով պիտի վերամշակեին, վնասում է գիրքը, փշրում է այն։ Ասին՝ մենք կարող է լրիվ փչացնենք, ավելի լավ է մնա այս վիճակում։ Ստիպված «ակվարիում» սարքեցինք ու գիրքը դրեցինք մեջը։

Գիրքը հիմնականում պահվում է տիրոջ դստեր տանը, իհարկե, լինում  են դեպքեր, երբ երկար ժամանակ եկեղեցում է գտնվում, բայց տանն ավելի ապահով է», -ասում է Հեղինե Մարգարյանը։

Մենք այցելեցինք նաև այն տունը, որտեղ պահվում է «Նարեկ»-ը։ Տանտիրուհին՝ Տիգրանուհի Հովհաննիսյանը, պատմեց, որ իր պապական գիրքը՝ «Նարեկ»-ը բուժել է իր եղբորը, որը մի միջադեպից հետո վախեցել էր։ Գիրքը յոթ օր շարունակ դրել են եղբոր գլխի տակ, նա խոստացել էր տղա երեխա ունենալու դեպքում նրան անվանել Նարեկ, այդպես էլ արեց։

«Իմ պապիս պապն է տերտեր  եղել, այս գիրքը մեր պապական գիրքն է։ Նա սուրբ է ունեցել, այն ժամանակ եկեղեցին վերանորոգած չեն եղել, սրբում է պահել, իսկ հիմա տանում ենք եկեղեցի, ուղղակի որ խոնավ է, այնտեղ չենք պահում։

Գրքի զորությունն ամեն վայրկյան ես զգում եմ, բազմաթիվ ուխտագնացների ենք հյուրընկալում, բոլորը դրսից են։ Եղել է դեպք, երբ «Նարեկ»-ը գլխին դնելուց հետո կինը հղիացել է, երեխայի անունը ի պատիվ սուրբ գրքի՝ Նարեկ են դրել ու խոստման համաձայն՝ մազերը յոթ տարի չեն կտրել։ Յոթ տարի անց եկել, մեր տան սրբի մեջ են կտրել»,-պատմեց տանտիրուհին։

Տիգրանուհու սկեսուրն էլ փաստում է, որ իր մեծ հարսը մի քանի տարի երեխա չէր ունենում, «Նարեկ»-ը երազ է գնացել, որից հետո հարսը  հղիացել է։

«Գիրքը երազ է գնում ու քայլ առ քայլ ցույց տալիս, թե որտեղ գտնեն իրեն, իմ մամաս էլ հաճախ երազում տեսնում է Նարեկին։ Մեր սուրբը երիտասարդ տղա է՝ սպիտակ շորերով։ Մեզ էլ են դիմում բժշկվելու համար, բայց գյուղի եկեղեցու քահանա Տեր Եղիշեն է գիրքը կարդում և ուխտագնացներին բուժում։ Զորեղ գիրք է։

Մի օր մի տատիկ իր թոռին բերեց բժշկելու ու առողջանալուց հետո որպես շնորհակալություն՝ մի շոր բերեց ու փաթաթեց գիրքը»,-պատմեց Տիգրանուհի Հովհաննիսյանը։

Ի դեպ, գյուղացիները պատմում են, որ 1700 թվականի «Նարեկ»-ից բացի, ևս մեկ «Նարեկ» կա գյուղում։

Տանտերերը, ըստ սարալանջցիների, բնակվում են գյուղի փոստի հարևանությամբ։ Թուրքերի հարձակման ժամանակ տանտերն այն փրկելու նպատակով  շորի մեջ դրել ու թաղել է։ Գիրքը տարիներ շարունակ երազ է եկել տանտիրոջ սերունդներին՝ հորդորելով իրեն հանել հողի տակից։

«Գիրքն անընդհատ երազ է եկել  թոռին։ Վերջինս ասել է՝ գնամ, քանդեմ, հանեմ, տեսնեմ ինչ է, արդեն գժվա։ Երազում տեսել է, որ ձորի մեջ է, գիրքն իրեն ասել է՝ դու  տեղանքին լավ ծանոթ ես, մեր տնից 20 ոտք հեռու է, էս ինչ քարի մոտ է, ես նեղ, մութ տեղում եմ, ինձ հանի արևի երես։ Էդ մարդն էլ էնպիսի հայհոյանքներ տվող մարդ է եղել, բայց հողը փորելուց ու «Նարեկ»-ը գտնելուց հետո վերափոխվել է, այլևս չի հայհոյել։

Հիմա այդ գտնված գիրքը՝ ծանր երկաթյա մոմակալների մեջ դրած, իրենց տան սրբում է պահվում։ Գիրքն այնքան թարմ է մնացել հողի տակ»,-պատմեց եկեղեցու մոմավաճառը։

Տեր Եղիշե քահան Նազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ «Նարեկ»-ը փոքր գիրք է՝ ձեռքի ափի չափ, այն սկզբում տեղափոխել են եկեղեցի, այնուհետ, երբ տանտերերը իրենց տան սուրբը վերանորոգել են, եկել ու տարել են։

Ի դեպ, Սարալանջի՝ խորհրդային տարիներին պահեստի վերածված, խոնարհված եկեղեցին վերաբացվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն վերանորոգել է ծնունդով սարալանջցի, սակայն Արթիկում բնակվող ու գործարարությամբ զբաղվող Սանասար Ղազարյանը։

Սարալանջը նաև երկարակյաց ու ազնիվ մարդկանց գյուղ է ավանդազրույցներ, ծեսեր, ավանդական ճաշատեսակներ

Սարալանջն առանձնանում է նաև իր ազնիվ բնակիչներով․ տեղաբնակները պատմում են, որ հիմնադրումից ի վեր գեթ մեկ գողություն չի կատարվել։ Այս մասին նույնիսկ ավանդազրույցներ են պտտվում։ Գյուղը հնում Քոռբաշգեղ են անվանել։

«Ըստ ավանդազրույցի, գյուղամիջում մի աղբյուր է եղել, անծանոթ մի տղամարդ եկել, ջուր է խմել, ձեռքերն է լվացել՝ այնտեղ թողնելով իր թանկարժեք մատանին։ Օրեր շարունակ այն անշարժ մնացել է նույն տեղում, որտեղ թողել էր։ Երբ տղամարդը՝ մտահոգ, վերադարձել է Սարալանջ ու նույն տեղում գտել իր թողած զարդը, հրճվելով ու զարմացած արձանագրել է՝ թե քո՞ռ են այս գյուղի բնակիչները, որ չեն տեսել մատանին ու չեն վերցրել»։

«Գյուղ, որտեղ վտանգ չկա»,- այսպես են բնութագրում հարևան գյուղերի բնակիչները Սարալանջը։

Այս գյուղում անհոգ մանկություն անցկացրած հեռուստալրագրող Արման Բաղդասարյանն էլ ասում է, որ գյուղի մարդիկ տարբերվում են ոչ միայն իրենց ազնվությամբ, այլ  երկարակեցությամբ։ Գյուղի ամենատարեց մարդու խոսքն այստեղ անքննելի հրաման է։

Նա պատմում է նաև, որ իր ծննդավայրի ամենաերկար լավաշը թխել է հոր հորաքույրը։

«Գյուղում իր բոյի չափ լավաշ թխող կինը եղել է պապիկիս միջնեկ քույրը՝ Ռոզեն, որի ամուսինը հաց թխելու բաթաթը սարքել է կնոջ բոյին։Նա գյուղի միակ կինն է եղել, որ կարողացել է իր ձեռքի բաթաթի չափով թխել լավաշները, ո՛չ իր հարսները՝ տղաների կանայք,  ո՛չ էլ եղբոր կանայք չեն կարողացել այդ բաթաթը հարմարեցնել հացաթխմանը։ Հիմա, ցավոք, թոնրի ծուխ չի բարձրանում օջախներից։

Ի դեպ, ընդունված ավանդույթի համաձայն, այստեղ թոնրի գաթա թխելիս՝ արգելվել է տղամարդկանց մուտքը թոնրատուն։

«Ես հիշում եմ՝ գաթան թոնրի շուրթին էին զարկում, հենց տղամարդիկ ներս էին մտնում, ասում էին՝ վա՜յ, վա՜յ, մի եկեք, չի կարելի, հենց տղամարդ ներս մտնի, գաթան ցած կթափվի թոնրի մեջ», -հիշում է գյուղի դպրոցի տնօրեն Մակիչ Սարգսյանը։

Նա նաև հիշում է, թե ինչպես էր խոհարարական հմտություններով փայլող իր մայրը պատրաստում շաքարլոխումը․ անարատ յուղն ալյուրով, շաքարավազով շաղախում էր մեծ սինիի մեջ։ Խորիզի նման չոր զանգված էր ստանում, լավ սեղմելով սինիի մեջ՝ դնում էր թոնրի տակ։ Ընդունված էր պատառաքաղի կամ դանակի ծայրով վրան գեղեցիկ նախշազարդեր անել ու քսել ձվի դեղնուց։  Ըստ մեր զրուցակցի, եփելիս այն կարմրում էր ու գեղեցիկ պատկերներ էին ստացվում։ Մայրն Ամանորին շաքարլոխումիի մեջ կոպեկ էր դնում, ում բաժին հասավ, տարվա հաջողակն էր։ Այժմ էլ Սարգսյանների տանը շարունակում են նույն բաղադրատոմսով պատրաստել շաքարլոխումը։

Ինչպես բոլոր գյուղերում, Սարալանջում ևս հաց թխելիս՝յոթ հատը չլրանալու դեպքում արգելել են տան անդամներին այն համտեսել, քանի որ, ըստ նախապաշարմունքի, մի վատ բան կլիներ։

Թոնրով հաց թխելը Սարալանջի տների մեծ մասում արդեն մոռացված է, գյուղացիների ասելով՝ կարոտախտ է դարձել թոնրի հոտը։

Սակայն ազգային ճաշատեսակներից շատերը դեռ պահպանված են, տներում ավանդաբար կենցաղավարում է Սարալանջին հատուկ խոհանոցը։

Գյուղի հասարակական կերակուրներից էր էրիշտան։ Գյուղի կանայք հիշում են, որ մի քանի հարևաններով հավաքվում էին, մեծ տաշտերի մեջ պինդ խմոր էին պատրաստում,  տաշտերի վրա շորեր էին փռում, որպեսզի խմորը շուտ  հասունանա։ Այնուհետ հատուկ երկաթյա գրտնակներով կտրում էին, լվացքի պարանների վրա էին փռում, չորացնում, հետո խարկում էին թոնրի վրա ու հավասարաչափ բաժանում հարևանների միջև։ Էրիշտայով փլավ էին եփում՝ առատ յուղով, ու հարգված հյուրերի առջև դնում։

Կան նաև այլ ճաշատեսակներ, որոնցով մինչև օրս պատվում են հատուկ հյուրերին։

«Հյուրերի համար  պանրխաշ ենք պատրաստում, շատ համեղ է, տարբեր գյուղերում տարբեր ձևով են պատրաստում, մեզ մոտ սոխառածն անում ենք յուղով, ավելացնում ենք ջուր, ամանների մեջ շերտ-շերտ դասավորում ենք չեչիլ պանիրն ու հացը, որից հետո սոխառածը լցնում ենք վրան։ Հարևան գյուղերում սոխառածի մեջ ջրի հետ նաև ձու են լցնում»,-ներկայացրեց գյուղի դպրոցի տնօրենը։

Վերջինիս ասելով, Սարալանջում ընդունված կերակուրներից է նաև հարիսան, որը պարտադիր տնական հավով պիտի պատրաստեն։

Գյուղի կերակրատեսակների ցանկում շատ ընդունված է դդումով ճաշը՝ կաթով, բրինձով, որը պատրաստում են կավե կճուճով՝ թոնրի մեջ։ Սարալանջին բնորոշ են ավելուկով ճաշատեսակները՝ և՛ ջրալի, և՛ տապակած սոխով, ինչպես նաև թթվի ջրով կոլոլակը՝ ձավարով։

Ըստ բաղադրատոմսի, ալյուրով խույս են անում՝ կոլոլակ սարքում, գցում են կաղամբի թթվի ջրի, երբեմն նաև կտրատած կաղամբի մեջ։ Որպես կանաչի՝ ծիտրոնն են օգտագործում, այլ համեմունքներ չեն օգտագործում։

«Այն լուսահոգի մայրիկիս ամենասիրած կերակրատեսակներից էր, ամենահամեղն ինքն էր պատրաստում ղազանի թավայի մեջ ու այնքան շատ, որ գյուղում մատաղի նման բաժանում էինք։ Իր պատրաստած կոլոլակը չէր փշրվում, ամուր մնում էր՝ մսի կոլոլակի նման, բայց, իհարկե, ձավարից էր»,-ասաց Մակիչ Սարգսյանը։

Սարալանջի հայտնի կերակրատեսակներից է կավե կճուճների մեջ եփվող կոնջոլը։ Այս ճաշը եփում են փոքրիկ թոնիրների մեջ, այն պատրաստում են շաքարի սպիտակ ճակնդեղի՝ թթու դրած ցողուններով՝ ճավիկով։ Ճաշի մեջ նաև մի քանի հատ կարմիր ճակնդեղ են գցում, որպեսզի գույն, տեսք տա ու ավելի համեղ լինի։ Ճաշի մեջ առանց կլպելու մանր կարտոֆիլ են գցում՝ երկու կես անելով։ Կոնջոլի մեջ կա նաև ձավար։ Այն պարտադիր սխտորով են ուտում։

«Այն երբեմն շփոթում են կաղամբով պատրաստած ճաշի հետ, բայց մենք կաղամբով պատրաստած ճաշին քրջիկ ենք ասում, դա նույնն է, պարզապես շաքարի ճակնդեղի փոխարեն թթու կաղամբ ենք գցում, ձավար ու էլի նորից կարտոֆիլ, բայց այս ճաշատեսակը հիմնականում ձեթով ենք պատրաստում, ձեթով է համեղ», -ներկայացրեց դպրոցի տնօրենը։

Սարալանջում ընդունված է նաև ճերմակ բազուկով թոնրի մեջ ճաշ եփելը։ Դա կոչվում է «տագով ապուր», որի մեջ ջուր է, մանրացրած սպիտակ ճակնդեղ։ Այս ճաշատեսակի միակ  կանաչին ևս ծիտրոնն է։

Թանով սպասը ևս ընդունված, հարգի կերակրատեսակ է, որը պիտի ուտեն թասերով, պարտադիր բրթած, այն պատրաստում են կարմիր ձավարով։

Սարալանջցիներն այնքան հյուրընկալ են, որ կերակրատեսակների մի մեծ ցանկ են առանձնացրել հյուրերի համար։

«Գյուղի մարդիկ այնքան հյուրընկալ են, որ եթե սխալվես, դուռը ծեծես, մի բաժակ ջուր ուզես, զոռով ներս կտանեն՝ ասելով՝ ճամփից ես եկել, եթե ծարավ ես, սոված էլ կլինես։ Այնքան ազնիվ են, սրտաբաց, որ տան ունեցվածքն էլ կփռեն անծանոթի դիմաց՝ առանց կասկածելու, թե գուցե տնից մի բան պակասի»,-իր գյուղի մարդկանց այսպես է բնութագրում հեռուստալրագրող  Արման Բաղդասարյանը։

Նա նաև ասում է, որ Սարալանջը երկարակյաց մարդկանց գյուղ է։

«Իմ հոր տատն ապրել է մինչև 104 տարի, պապիկիս եղբայրն արդեն 87 տարեկան է, պապիկիս մորաքույրը 110 տարեկանում է մահացել։ Գյուղի ամենաերկար լավաշը թխող հորաքույրս էլ՝ Ռոզեն,  80-ն անց է մահացել։ Այս գյուղի մարդիկ ինչքան էլ տարեց լինեն, պիտի աշխատեն, զբաղվեն հողագործությամբ, ասում են՝ ամոթ չէ՞, գնամ քաղաքից կարտոֆիլ գնեմ», -ասում է Արման Բաղդասարյանը։

Վերջինս պատմում է, որ հուղարկավորությունների ժամանակ, ընդունված սովորույթի համաձայն, հանգուցյալին՝անկախ եղանակային պայմաններից, պտտեցնում են գյուղի ամեն անկյունով, նա պիտի հրաժեշտ տա գյուղին։

«Մեր գյուղում թաղման հատուկ ծես կա․ տատիկիս, որը մահացավ  90-ական թվականներին՝ 104 տարեկան հասակում, գյուղի ամենատարեցն էր։ Հուղարկավորության ժամանակ նրան ողջ գյուղով պտտեցրեցին,  ինչքան էլ որ բուք էր։

Գյուղապետն ասաց՝ տատը պիտի հրաժեշտ տա գյուղին, ամբողջ գյուղը ֆռռացրեք, հանկարծ մի տեղ  կանգնել եք ու Վարդուշ աբային պակաս եք ֆռռացրել, գիտեմ՝ ինչ կանեմ ձեզ»,-պատմում է Արմեն Բաղդասարյանը։

Ի դեպ, սարալանջցիները ուխտի են գնում գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա՝ Արագածի փեշերին գտնվող աղբյուրի մոտ, որը կոչվում է Լուսաղբյուր։ Ավանդազրույցների համաձայն, ով գնացել է այնտեղ, մոռացել է իր խնդիրների մասին, լուսավորվել է։

Վերջինիս ածխաթթու գազով հագեցած թթու ջուրն, ըստ ավանդազրույցի, ևս բժշկում է․ ջուրը քսում են մարմնի այն հատվածում, որտեղ ցավ կա։ Գյուղացիները բազում օրինակներ են հիշում, թե ինչպես են չբեր կանայք հղիացել Լուսաղբյուրի մոտ ուխտի գնալուց հետո․ անզավակ կանայք լողացել են այդ ջրում։

Լուսաղբյուրի մոտակայքում կան նաև երեք աղբյուրներ, որոնցից ժանգաջուր է հոսում և բուժում հոդացավերը։

«Լուսաղբյուրի մոտ փոքր մատուռ կա, տատիկս մոմեր էր վառում, գոգնոցի փեշերով պահում այնքան, որ մոմերը մինչև վերջ վառվեին, քամին հանկարծ չմարեր ու ուխտը ի կատար ածվեր», -հիշում է Արման Բաղդասարյանը։

Ի դեպ, Սարալանջի բարբառը տարբերվում է 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարևան Մեծ ու Փոքր Մանթաշների բարբառից, այն ավելի շատ գրական լեզվին է մոտ։

Բայերը Սարալանջում «ում»-ով են վերջանում, իսկ հարևանների մոտ «ըմ»-ով․  օրինակ՝ «երթում ենք» և «երթըմ ենք»։ Հարևան մանթաշեցիները նաև որոշակի արտահայտություններ ունեն, օրինակ՝ խոսքի մեջ բառերից հետո  օգտագործում են «շը» հնչյունը, որը չկա Սարալանջում։

 

Նյութը պատրաստեց Նունե Արեվշատյանը