Ջրաձորի՝ զավակ պարգևող Սրբի սարն ու կրակի բոցերի մեջ չայրված Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը

Ամասիայի ձորերի արանքում  ծվարած գյուղում՝ Ջրաձորում, ճամպրուկային տրամադրություններն  են․ Կապսի ջրամաբարը կառուցելու նպատակով  կառավարության որոշմամբ  գյուղը կտեղափոխվի։ 4-5 կիլոմետր հեռավորության վրա՝ Ջրաձորի դեմ-դիմաց, նոր գյուղ կկառուցվի։ Այս տրամադրությունները գյուղում տիրել են դեռ 50 տարի առաջ, սակայն ծրագիրը չի իրագործվել, չնայած որ բնակիչներին սեփականության վկայականներ երբեք չեն հատկացրել՝ պատճառաբանելով, թե ուր որ է գյուղը կտեղահանվի։

Ջրաձորցիները իրենց տները լքելուց չեն նեղվում, հատկապես, որ նոր գյուղը կլինի հնին շատ մոտ, պատրաստ են տան անկյունների սրբերը ևս տեղափոխել, որոշ բնակիչներ այդ փորձն արդեն ունեն․ ուր գնացել, սուրբը իրենց հետ տարել են։ Նրանց համար կարևորը Սրբի Սարին՝ Գևորգին, հնարավորինս մոտ լինելն է, ուխտի գնալը, այդ սարում հոսող Լուսաղբյուրից ջուր վերցնելն ու ցավերը դարմանելն է, ինչպես նաև գյուղի մոտով հոսող Հողմաջուր գետի աջ ափին ծիսակարգով Վարդավառ նշելն է։ Վարդավառը հաջողություն չի բերի, ջուրը չի մաքրագործի, եթե այն չեն վերցնում գետից ու լցնում մեկը մյուսին գլխին։

50 տարի շարունակ գյուղի գրադարանավարուհի աշխատած 76-ամյա Մարուսյա Հարությունյանը Ջրաձոր հյուրընկալվելուն պես՝ թոնրում թխվող ավանդական սինի գաթա է հյուրասիրում ու պատմում, որ նախնիները 1828 թվականին գաղթել են Վերին Բասենից, եկել ու սարերում հիմնել են այս գյուղը։ Այն սկզբում անվանել են Թալիք՝ իրենց ծննդավայրի անունով, այնուհետ՝ Ջալաբ, որը նշանակել է մալի՝անասունի առևտուր անող։ Իսկ 1948 թվականից կոչվել է Ջրաձոր։

«Գյուղում ամենամեծ հարստությունը եզ, արոր ունենալն էր։ Իմ սկեսուրն արտակարգ երգող էր, Կոմիտասից անգամ երգում էր, բայց հիմա գյուղում չկա այդ կյանքը, ավանդույթները։ Արորի երգերը կորել են, բառացի չեմ հիշում, եզներին խնդրում էինք՝ լավ վարեն, որ հողը լավ բերք տա, բայց հիմա էլ ո՞վ է երգողը, էլ ո՞վ է ձեռքով սերմ ցանում։ Եզն արորով վարել է, իսկ գյուղացիները երգ են մրմնջացել, իրենց ցավն ու դարդը պատմել են հողին։ Հիմա էլ չկա, հիմա ամեն ինչ տեխնիկայով է»,-ասում է Մարուսյա Հարությունյանը։

Նրա հիշողության մեջ վառ են մնացել գյուղացիների՝ անձրևաբեր ծիսակարգը, Նուրի տիկնիկ սարքելն ու նրա միջոցով Աստծուց ջուր խնդրելը։ Ըստ նրա, այն Ջրաձորում շատ տարածված է եղել։

«Եթե երաշտ էր, անձրև գալու համար ամբողջ գյուղն, անգամ մեծ աղջիկները «Նուրի, Նուրի» էին խաղում, ջրոցի անում։ Նուրի անունով տիկնիկն էին սարքում՝ ասելով․

«Նուրի, Նուրին եկել է,

Շալե շապիկ հագել է,

Հետն էլ գոտիկ կապել է,

Երկնքից անձրև կուզե, գետնից էլ՝ բերրի հող։

Վերևից թոն կուզե, գետնից էլ՝ բույս։

Մեր գյուղում Նուրին շատ տարածված է եղել, մեծ ցախերով ավելից տիկնիկ էին սարքում, երեխեքից մեկնումեկի շորն էին հագցնում, երկու կողքից բռնում ու երգելով՝ տնետուն էին գնում։ Դռները ծեծում էին, ով ինչ ուներ, պարտադիր տալիս էր, մի դույլ ջուր էլ վրեքն էր լցնում, որ անձրև գար։ Ու իրոք անձրև գալիս էր։

Գումարը տալիս էին գյուղացիներից մեկին, նա աղավնի էր առնում, մատաղ անում, գյուղովի ելնում էին մեր Սրբի Սարը՝ Սուրբ Գևորգը։ Շատ զորավոր սուրբ է, բոլոր տեղերից գալիս են։ Այնտեղ Սրբի աղբյուր կա, Լուսաղբյուր ենք ասում, էդ սրբի աղբյուրից ջուր ենք բերում, որ տան անդամները բոլորը խմեն։ Լուսավորում է մարդկանց, դրա համար էլ Լուսաղբյուր է կոչվում, շատ սիրուն աղբյուր է։ Հիմա տարածքը ճահճուտների է վերածվել, նախիրը տանող հովիվն է աղբյուրի ջրի ճամփեն բացում, որ ժողովուրդը կարողանա խմել։

Մենք էդ ջրից բերում ենք շշերով, ում որ մասը ցավում է, լվացնում են այդ ջրով։ Հենց գնում ենք աղբյուր, ջուրը նախևառաջ գլխներիս ենք լցնում, որ չցավի գլուխներս։ Հավատքը կամ ներշնչանքն է բուժել, ամեն մեկն ինքը կզգա։ Հավատքն է հրաշագործություններ անում, եթե մարդը հավատով լցվում է, ամեն ինչի հասնում է, չնչահավատ մարդիկ ոչնչի էլ չեն հասնի»,-ասում է գյուղի նախկին գրադարանավարուհին։

Ըստ ավանդազրույցի, այդ սարն առաջինը Սուրբ Գևորգն է բարձրացել, փայտե խաչ դրել, այդ պատճառով էլ նրա անունով են կոչել։ Այն գտնվում է Կաղամախուտ կամ ժողովրդական անվամբ՝ Կամխուդ (2108 մետր) լեռնագագաթի վրա՝ Շիրակի լեռնաշղթայի արևմտյան մասում, Ջրաձոր գյուղից հարավ-արևելք, Կապս գյուղի մերձակայքում։

Գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանն էլ ասում է, որ շրջակա գյուղերի բնակիչներից յուրաքանչյուրը Սրբի սարն իրենն է համարում։

«Սրբատեղի անունը կապված է հենց մեր գյուղի եկեղեցու անվան հետ, մեր եկեղեցին Սուրբ Գևորգն է։ 30-ական թվականների կոլեկտիվացման ժամանակ եկեղեցին քանդվեց, վերածեցին պահեստի, մարդիկ սուրբը տեղափոխեցին սարի գագաթին։ Մտածեցին, որ Սուրբը և՛ բարձունքում պիտի լինի, և՛ իրենց ազատ արտահայտվելու, հավատալու իրավունքը պիտի իրացվի։  Ժողովրդական բարբառով ասած՝ այնտեղ է գտնվում սրբի աղբյուրը կամ Լուսաղբյուրը, որը բժշկող է, նաև տանում են տներ, որ առատություն պարգևի։ Մարդիկ խորհրդավորությամբ են մոտենում էդ ջրին, որի ակունքը տարօրինակ ձևով սարի գագաթից մի քիչ ներքև է։ Ներքևի հատվածում շատ աղբյուրներ կան, բայց սրբի աղբյուրը բարձր է, մոտ է սրբատեղիին։ Ջահելները, պապերից, մեծերից լսելով, գնում են Սրբի սար։ Մարիամ Աստվածածնի վերափոխման ժամանակ ավել շատ են ուխտավորները՝ և՛ Հովունի գյուղից են սար բարձրանում, և՛ Կապսից»։

Ջրաձորի սրբի տներն ու չխոսող երեխաներին մոմ թափելով բուժող Գարան մամը

Ջրաձորցի տներից շատերում կան սրբի անկյուններ, ըստ գյուղացիների, զորավոր սրբերից մեկն «Ամենափրկիչ»-ն է։ Տունը  երկրաշարժերից հիմնովին փլուզվել է, սակայն տան մի անկյունում գտնվող Սուրբը կանգուն է մնացել․ այն երկու ուժեղ երկրաշարժերին՝ թե՛ 1926 թվականին, և թե՛1988 թվականին չի վնասվել։ Բնակիչները թեև տեղափոխվել են Գյումրի, սուրբ գիրքն էլ իրենց հետ տարել, այդուհանդերձ որպես սրբատեղի՝ բոլոր գյուղերից այստեղ այցելում են։ Նույնիսկ երազում են տեսնում ու գալիս այդ սրբավայր դարձած տան անկյունը։

Մարուսյա Հարությունյանը հաշվում է, որ գյուղի օջախներում 10-ից ավել սրբի անկյուններ ունեցողներ կան․ ով հեռացել է, սուրբն իր հետ տարել է։ Սրբի անկյուներում սովորաբար «Նարեկ» են պահում։ Գյուղի եկեղեցին էլ, թեև փլուզված է, սակայն դպրոցի աշակերտները միշտ գնում, տեղանքը մաքրում են․ հոգևոր հայրերն էլ պատարագ են մատուցում։

Մենք եղանք գյուղի «Ամենափրկիչ» սրբավայրում, որը երկրաշարժից հրաշքով փրկվել էր։ Գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանը պատմեց, որ այստեղ տանտիրուհին՝ Գարան մամը, մոմ էր թափում։

«Այս սրբատեղի գալով՝ ուխտավորները շորեր էին թողնում, նրանց շարքերում կային նաև շիա մահմեդականներ։ Ես փոքր երեխա էի, Գարան մամից լսում էի, որ նրանք ևս այս սրբով բուժվել են, ունենալով այլ կրոն՝ հավատում էին մեր սրբի զորությանը։ Չխոսող երեխաներին բերում էին, բանալի, կողպեք էին թողնում, բանալին բերանների մեջ պտտեցնում, որ բժկվեին»։

Ջրաձորցիների պատմելով, գյուղի տներից մեկի սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը բերել էին Արևմտյան Հայաստանից՝ Բասենից, տերը գիրքը մեջքին է կապել ու հրաշքով փրկվել։

«Մեջքին է կապել, որ սուրբ գիրքն իրեն պահապան լինի․ ցերեկը քարանձավներում են պատսպարվել, բայց հետո էդ տղան թաքնվել է բուլուլի՝ փոքր խոտի դեզ մեջ։ «Նարեկ»-ն իրեն իրոք պաշտպանել է, իր հետ եկողները մահացել են, իսկ ինքը փրկվել է։ Երբ թուրքերը ճանապարհին բռնել են, ուզել են սուրբ գիրքը վառել, գցել են կրակի բոցերի մեջ, գիրքը չի այրվել, կրակի միջից դուրս է եկել»,-պատմեցին գյուղացիները։

Գյուղի գրադարանավարուհի Մարուսյա Հարությունյանը ևս մեկ սրբի մասին է հիշում։

«Տարբեր քաղաքներից, կողքի  գյուղերից ով որ սրբի մասին իմանում կամ երազ է տեսնում, գալիս է Ջրաձոր։ Մի անգամ ասին՝ մայր ու տղա են եկել գյուղ, սրբավայրն են փնտրում, ասին՝ որ մի սրբավայրը ցույց ենք տալիս, չեն ուզում, տիկին Մարուս, արի տես, կկարողանա՞ս  օգնել, հետները զրուցես։ Գնացի, տղան շատ հիվանդ էր, մայրն ամեն բերանը բացելուց աչքերից թափում էր, ասաց, որ իրենց տարել են գյուղի «Ամենափրկիչ» սրբատեղի, բայց տղան ասել է՝ ես երազիս էս սուրբը չէ, որ տեսել եմ։ Հարցրեցի ի՞նչ էիր տեսել երազում, պատմեց, որ դար էր բարձրանում։ Գյուղի վերևի հատվածի տներից մեկում սուրբ կա, տարա, դեռ չէինք հասել, հեռվից ասեց՝ ես էստեղ էի եկել երազում, սուրբ գիրքը  տղայի ցավող տեղերում դրեցին»,- պատմեց Մարուսյա Հարությունյանը։

Նա նաև պատմում է, որ երազում տեսիլք տեսնելով՝ գյուղի անտեսված սրբատեղիներից մեկն էլ ինքն է կարգի բերել։

«Մեր գյուղը շատ մեծ է եղել, 1830-ական թվականներին այս փոքր գյուղն ունեցել է 900 հոգի բնակիչ, հետո թողել, գնացել են։ Մեր իսկական տունը ձորի բերանին էր, երկրաշարժից լրիվ ավերվեց։ Երազիս տեսա, որ մեկն՝ահագին տարիքով մարդ՝ պիջակը հագին, ասաց՝ ինչու չես ավլում, մաքրում այստեղ, ամեն ինչ կարող ես անել, դա չե՞ս կարող։ Նրա խոսքը Ապինենց տան սրբի մասին էր։ Ուշադրություն չդարձրեցի, երկրորդ անգամ եկավ երազիս ու ահ տվեց, ափալ-թափալ գնացի, ավլեցի, կարմիր կտոր կար տանը, լոզունգ պիտի կարեի, տարա, կտրատեցի, սրբի մեջ փռեցի։  էլ երազիս չեկավ էդ մարդը, երազն էլ է ճիշտ»։

Գրադարանավարուհու բնութագրմամբ՝ իրենց գյուղում միշտ նոր լույս տեսած գրքերի քննարկումներ են տեղի ունեցել, սակայն, ըստ մեր զրուցակցի, հիմա Ջրաձորում  ինչպես գիրք կարդացողներն, այնպես էլ հաց թխողները քիչ են։

«Ես էնպիսի միջոցառումներ էին կազմակերպում, որ Երևանից եկողը չէր հավատում, թե գյուղում այդ մակարդակի միջոցառումներ կարելի է անել։ Մի անգամ Հայրենական պատերազմի 60 -ամյակին նվիրված միջոցառում անցկացրեցի դպրոցում, բոլոր մեծերին հավաքել էի, դպրոցի տնօրենն էլ ամուսինս էր։ Երևանից եկած հյուրն ասաց՝ եթե ինձ բերանացի պատմեին, չէի հավատա, որ լեռների արանքում ծվարած գյուղում այսպիսի կուլտուրա կա։

Այդ ժամանակներն էլ անցան, հիմա ամեն ինչ մոռացել ենք, անգամ հաց թխելը։ Կթխեինք, մինչև յոթ հացը չլրանար, չէինք թողնում ուտեին, ըստ նախապաշարմունքի, վատ բան կկատարվեր։ Ասում էինք՝ ձեռք չտաք, մինչև չլրանա։ Խմորն առանց խաչի չէինք դնում, խաչ էինք հանում, որ բարիքը՝ տան ղսմաթը չգնա։ Գունդ կրողը ուրիշ մարդ էր, բացողը՝ քաշողը՝ ուրիշ, թխողն՝ ուրիշ։ Ասում են առաջին հացը կուտ է գնում, ինչպես առաջին սերը։ Թնդիրն էնքան տաք է, որ չի պահում, ինչքան էլ ուզում է ջուր զարկես, հնար չկա։ Սերն ու հացը կապել են, ես մեր մեծերից եմ լսել։

Հարսանիքներին վիկտորինաների նման խաղեր էին կազմակերպում, ով ճիշտ չի պատասխանում, մուր էին քսում դեմքերին։ Հարսին ներս բերելուց ափսեներ էին դնում, որ հարսն ու փեսան կոտրեն, չար աչքը մարի։ Հացը քցում էին ուսերին, սա նշանակում էր՝ հարսը թող իր հետ ղսմաթ բերի այդ տուն։ Հարսի շորը հագցնելուց պարտադիր պիտի երգեին, բախտավորություն մաղթեին զույգին, կոշիկ պիտի գողանային, մինչև քավորը գար, ինչ-որ մի բան տար, որ այն վերադարձնեին», -հիշում է Մարուսյա Հարությունյանը։

Ամասիայի խորհրդավոր աղբյուրները

Ամասիայում բժշկող՝ ստամոքսի ցավեր ամոքող, զավակ պարգևող աղբյուրներից բացի, կան նաև «հայելի աղբյուրներ»։ «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանն ասում է, այդ ջրերը ազգային պարկի Արտենիս-Ալվար տեղամասում են։

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում առկա են բազմաթիվ աղբյուրներ, սակայն կարող եմ մի քանիսն առանձնացնել, որոնց մասին դեռ հին ժամանակներից մեր պապերը պատմություններ էին պատմում, մենք էլ գնալով համոզվում ենք դրանց իրական լինելու մեջ։ Մինչև այսօր ականատեսն ենք լինում աղբյուրների կատարած հրաշագործությունների, հատկապես հավատք ունեցող անձինք, որոնք այցելում են սառնորակ աղբյուրներ՝ բուժման նպատակով։

Այնպիսի աղբյուրներ ունենք մեր սարերում, որ կշտացնում են, էն որ ասում են՝ երկու ջուրը մեկ հաց է, հենց այդպես էլ կա։ Երկու բաժակ ջուր են խմում, ծարավը հագենում է, միաժամանակ դաշտում աշխատող մարդկանց, հովիվների մոտից սովածությունն անցնում է։ Աղբյուրներ կան բնական գազավորված են, մի բաժակի չափ ջուր ես խմում, որից հետո օրգանիզմում սկսում է փոփոխություններ կատարել․ ախորժակն է բացում,  մարսողությունը՝ լավացնում, նյութափոխանակության վրա է ազդում, ստամոքսն ինքնըստինքյան բուժում է։

Այնպիսի աղբյուրներ ունենք, որ որոնք որպես հայելի են ծառայում, աղբյուրի մեջ նայում ես ու օրվա տարբեր ժամերի քո արտացոլանքը տեսնում։ Ինչքան եմ ականատես եղել, երբ մարդիկ ասել են՝ մի հատ մազերս դզեմ ու մոտեցել է աղբյուրին, որ իրեն տեսնի ջրի մեջ, բնականաբար մոտենալուց էլ մի բաժակ սառը ջուրը կխմի։

Շատ են մեր տարածքի աղբյուրները, ամեն մեկն իր դերն ու նշանակությունն ունի։ Այն մարդիկ, որոնք ամառվա ընթացքում  շրջայցեր են կազմակերպում, պարտադիր մեկը մյուսից իմանալով՝ այցելում են այդ աղբյուրներ։ Նաև մենք ենք իրազեկում, որ այս տարածքում այս աղբյուրը կա, եթե ցանկություն ունեք, կարող եք այցելել»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։

Նյութը պատրաստեց Նունե Արևշատյանը