Համագործակցության նոր ոլորտ ՇՊՀ-ում

«Բազմազանեցնելով համալսարանների համագործակցությունը» ծրագրի շրջանակում Շիրակի պետական համալսարանում էին ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթըն Օսթինն ու կրթական և մշակութային ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը, ովքեր աշխատանքային հանդիպում ունեցան ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի և պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ հաստատվել է Շիրակի պետական համալսարանի մասնակցությունը «Բազմազանեցնելով համալսարանների համագործակցությունը» ծրագրին, որի շրջանակում ՇՊՀ-ի ներկայացուցիչը 2025թ․ նոյեմբերի 1-22-ը ուսումնաճանաչողական այցով կմեկնի ԱՄՆ։ Այցի նպատակն է ուսումնասիրել ԱՄՆ բարձրագույն կրթության ոլորտում գլոբալ ներգրավվածության մոդելները, ամերիկյան բուհերի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման փորձը, նորագույն տեխնոլոգիաների ինտեգրման և այլ առաջատար մոտեցումների կիրառման հնարավորությունները՝ հետագայում դրանք ՇՊՀ-ում ներդնելու համար։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանը։ Քննարկվեցին նաև ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից համատեղ իրականացվող բասկետբոլի մրցաշարին ՇՊՀ-ի մասնակցության հարցերը։

Նախատեսվում է հոկտեմբերի 10-ին «Անվասայլակով բասկետբոլ» ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում անցկացնել ցուցադրական խաղ՝ երիտասարդների հետ տարածաշրջանային համագործակցությունը ընդլայնելու նպատակով։ Միջոցառմանը կմասնակցեն հաշմանդամություն ունեցող և չունեցող մասնակիցներով ինտեգրված թիմեր։

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց համալսարանը «Բազմազանեցնելով համալսարանների համագործակցությունը» ծրագրում ընդգրկելու համար՝ հավելելով, որ ՇՊՀ-ն բաց է համագործակցության բոլոր ձևաչափերի համար, որոնք կնպաստեն ուսանողներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և դասախոսների որակավորման բարձրացմանը։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին համալսարանի տարածքում և ծանոթացան նյութատեխնիկական բազային: