ՇՊՀ-ում անցկացվեց «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասընթաց

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում անցկացվեց «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասընթաց, որը վարում էր կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Սեմինարի ընթացքում Ս․ Խաչատրյանն անդրադարձավ մեթոդաբանության երեք հիմնական հարցերին՝ ի՞նչ սովորեցնել, ինչպե՞ս սովորեցնել և ինչու՞ սովորեցնել։ Նա նշեց, որ աշակերտները հաճախ չեն հասկանում որոշ առարկաների ուսուցման կարևորությունը և առաջարկեց մի քանի տարբերակ, որոնք կօգնեն ապագա ուսուցիչներին բացատրել ուսման բովանդակության և նպատակների կարևորությունը, ինչպես նաև խթանել աշակերտների հետաքրքրությունն ու մասնակցությունը դասերին։

Հանդիպման ավարտին բանախոսը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և պատասխանեց նրանց հարցերին։
——————————————————————————
Դասընթացը կազմակերպվել էր «Հայկական Կարիտասի» կողմից՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում՝ ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման համաձայնագրի հիման վրա։