ՇՊՀ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրված բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը
Այսօր Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգն առնչվում էր բուհի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությանը․ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ՇՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց հավատարմագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այս ձեռքբերումը բուհի ամբողջ հանրույթի հետևողական և թիմային աշխատանքի արդյունքն է, որի համար նա առանձնացրեց հետևյալ հիմնական նախադրյալները.
- Վերջին տարիներին համալսարանում ստեղծված բարոյահոգեբանական կայուն, աշխատանքային մթնոլորտը,
- Գործող իրատեսական ռազմավարական ծրագիրը և դրան համահունչ կատարված կառուցվածքային փոփոխությունները,
- Համալսարանի ֆինանսական մուտքերի ու ծախսերի մասով իրականացված քաղաքականությունը, ինչի շնորհիվ բուհն այսօր կայունացման փուլից անցում է կատարում զարգացման փուլի:
Ե. Սերոբյանը նշեց, որ վերջին տարիներին համալսարանը տարբեր ոլորտներում գրանցում է նշանակալի արդյունքներ, և ինստիտուցիոնալ հավատարմագրման այս ձեռքբերումը ոչ միայն մեր բուհի կայուն զարգացման ապացույցն է, այլև ապագայի հանդեպ նրա պատասխանատվության խորհրդանիշը։
Ե․ Սերոբյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլոր նալբանդյանցիներին այս կարևոր նվաճման առիթով՝ առանձնացնելով նրանց, ովքեր առավել ընդգծուն ներդրում են ունեցել ընդհանուր ձեռքբերումներում: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև բուհի Հոգաբարձուների խորհրդին և նրա նախագահին, նախորդ և ներկայիս գիտական խորհրդի անդամներին, գործընկերներին՝ գործատուներին և շրջանավարտներին։
Ռեկտորն ընդգծեց, որ այս ձեռքբերումը պարտավորեցնող է և պահանջում է բոլորից է՛լ ավելի հետևողական, պատասխանատու և համախմբված աշխատանք՝ գրանցված արդյունքը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու գործում։ Նա կոչ արեց բոլորին՝ շարունակել իրենց գործունեությունն առավել մեծ նվիրումով և արդյունավետությամբ՝ ի շահ հարազատ համալսարանի:








