«Այգի-պարտեզներ և սրբավայր-արգելանոցներ Հին Արևելքում և Հայաստանում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում անցկացվեց գիտական սեմինար «Այգի-պարտեզներ և սրբավայր-արգելանոցներ Հին Արևելքում և Հայաստանում» թեմայով։ Բանախոսը Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Պետրոսյանն էր։
 Ներկայացնելով թեման՝ Լ․ Պետրոսյանը նշեց, որ այգի-պարտեզները բնության և մշակույթի համադրություն են՝ միևնույն ժամանակ ծառայելով մարդու ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր պահանջների բավարարմանը։ Դրանք ձևավորում են մարդու էսթետիկ ընկալումն աշխարհի հանդեպ և արտահայտում են նրա վերաբերմունքը բնության նկատմամբ։ Այգի-պարտեզներն իրենց մեջ ամփոփում են տվյալ երկրի տվյալ ժամանակաշրջանի մշակութային կյանքը՝ դառնալով պատմության, կենցաղի և աշխարհայացքի արժեքավոր վկաներ։
 Ամփոփելով նյութը՝ Լուսինե Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանում հնուց ի վեր գոյություն են ունեցել հատուկ պահպանվող տարածքներ, որոնք ծառայել են որպես արքունի պարտեզներ, պուրակ-սրբավայրեր, արգելանոց-որսատեղիներ, ինչպես նաև՝ թագավորների ու նրանց մերձավորների հանգստի և զորավարժությունների վայրեր։
 Սեմինարն ավարտվեց քննարկումով և հարցուպասխանով։