Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը

Մարտի 31-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին Գիտական խորհրդի 30 անդամներից 28-ը։
Օրակարգով նախատեսված էր «Պատմության և իրավագիտության» ու «Սպորտի և արվեստի» ամբիոնների վարիչների ընտրությունը։
«Պատմության և իրավագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Արշավիր Գասպարյանը։ «Սպորտի և արվեստի» ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման համար առաջադրվել էր ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Գևորգ Աղանյանը։ Նշենք, որ երկու թեկնածուներն էլ առաջադրվել էին համապատասխան ամբիոնների կողմից:
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի» համաձայն՝ Գիտական խորհուրդը նախ հաստատեց ամբիոնների վարիչների թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը նշված կանոնակարգով սահմանված պահանջներին։ Այնուհետև Գիտական խորհրդի անդամները լսեցին թեկնածուների կողմից առաջարկվող «Ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգերը», ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Այնուհետև ելույթ ունեցած գիտխորհրդի անդամներն իրենց խոսքում ըստ արժանվույն գնահատեցին թեկնածուների կողմից ներկայացված հայեցակարգերը՝ իրատեսական համարելով դրանցով նախանշված ծրագրերը և հույս հայտնելով, որ ընտրվելուց հետո նրանք առավել արդյունավետ ու հետևողական կերպով կշարունակեն իրենց գործունեությունը:
Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արշավիր Գասպարյանն ընտրվեց «Պատմության և իրավագիտության» ամբիոնի, իսկ Գևորգ Աղանյանը՝ «Սպորտի և արվեստի» ամբիոնի վարիչ։
Շնորհավորում ենք ընտրված ամբիոնների վարիչներին և մաղթում բարի ընթացք ու արդյունավետ գործունեություն։