ՇՊՀ-ում անցկացվեց Էրազմուս+ ծրագրի մասնակիցների հաշվետվությունը
Մայիսի 29-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ 2023-2024 ուստարվա ընթացքում Էրազմուս+ ծրագրին մասնակցած աշխատակիցների և ուսանողների հանրային հաշվետվությունը։
Մինչ հաշվետվությունն սկսելը ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը վկայականներ հանձնեց Էրազմուս+ «SMARTI» ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում անցկացված «Հետազոտական աշխատանք գրելու հմտություններ» և «Որակի ապահովում» մոդուլների պիլոտային դասընթացների մասնակիցներին։ Ռեկտոր Ե․ Սերոբյանն իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում նշեց, որ շատ կարևոր է փոխանակման ծրագրերին համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությունն ու ձեռք բերած փորձը հանրային հաշվետվությունների միջոցով գործընկերներին փոխանցելը։ Ռեկտորը հույս հայտնեց, որ Օտար լեզուների ուսուցման կենտրոնի գործարկմամբ պայմանավորված՝ Էրազմուս+ ծրագրի մասնակցության առավել մեծ աշխարհագրություն կունենանք։
Այնուհետև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում շարժունության ու վերապատրաստման մասնակցած ՇՊՀ-ի ուսանողներն ու դասախոսները (Հեղինե Իսահակյան, Արտակ Հովհաննիսյան, Մարիամ Հարությունյան, Գայանե Հարությունյան, Մարինե Գրիգորյան, Անի Սահակյան, Վեներա Զաքարյան) սահիկաշարերի միջոցով ներկայացրին Ռումինիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի և Լատվիայի գործընկեր համալսարաններում իրենց կատարած աշխատանքները։
Ի թիվս մյուսների՝ հաշվետվություն ներկայացրին նաև ՇՊՀ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բելլա Հովհաննիսյանն ու Թարգմանչական գործ (անգլերեն և ռուսերեն) մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Հովակիմյանը, ովքեր Էրազմուս+ ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացների են մասնակցել համապատասխանաբար՝ Վրաստանում և Հունգարիայում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ ունեցած համագործակցության հուշագրի շրջանակներում։
Հանդիպման ավարտին, իր եզրափակիչ խոսքում ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության և ՇՊՀ-ն արտասահմանցի մեր գործընկերներին արժանավայել կերպով ներկայացնելու համար և նշեց, որ առաջիկայում նախատեսվում են անցկացնել նոր մրցույթներ Վալլադոլիդի ու Լիսաբոնի համալսարանների կողմից հայտարարված շարժունությանը մասնակցելու համար:





















