Ամառային դպրոց-2. օր 4

Ամառային դպրոցի չորրորդ օրը սաները ճանաչողական այցով Հասարակական գիտությունների ֆակուլտետում էին, որտեղ նրանց դիմավորեց դեկանի ԺՊ՝ բ․գ․թ․, դոցենտ Օ․ Հովհաննիսյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի և ամբիոնների պատմությունը, խոսեց բուհական համակարգում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու կարևորության և դրա ապահովման հարցում ֆակուլտետում առկա մասնագիտական ու նյութատեխնիկական բազայի և հնարավորությունների մասին։

Ամառային դպրոցի սաներին հանդիպեցին և իրենց մասնագիտությունների առանձնահատկությունների մասին խոսեցին նաև տարբեր մասնագիտությունների գծով ֆակուլտետում ուսումնառություն ստացող ուսանողները։ «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողուհի Շուշաննա Սահակյանն էլ անցկացրեց հոգեբանական թեստեր և արտթերապիա՝ նրանց նկարած նկարների միջոցով բացահայտելով հեղինակների բնավորության առանձնահատկությունները։

Արտթերապիային հաջորդեց Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Ա․ Հակոբյանի հետ «Անձնային նշանակությունների և արժեքային կողմնորոշումների ձևավորումը պատանեկան շրջանում» թեմայով հանդիպում-քննարկումը։

Հաջորդ «կանգառը» Սպորտի և արվեստի ամբիոնում էր, որտեղ ամբիոնի վարիչի ԺՊ՝ մ․գ․թ․, դոցենտ Գ․ Աղանյանը, մասնակիցներին ներկայացրեց համաշխարհային ու եվրոպական ռեկորդների հեղինակներ և օլիմպիական չեմպիոններ կրթած ամբիոնի պատմությունը։

Օրն ավարտվեց սպորտային դահլիճում՝ վոլեյբոլի մրցաշարով։