ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հարգարժա՛ն գործընկերներ, Ադրբեջանի կողմից շուրջ ինն ամիս տևած շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 հայ բնակիչներ, այդ թվում մոտ 30 000 երեխաներ, կանգնած են մարդասիրական աղետի եզրին։ Այն դժոխային կյանքը, որը ծավալվել էր Լեռնային Ղարաբաղում, դժվար է ներկայացնել։ Սեփական հողում խաղաղ բնակիչները դարձել են պատանդ, առանց սննդի, ջրի և բժշկական օգնության հասանելիության, հրետակոծության մշտական սպառնալիքի տակ՝ անվտանգ կյանքի իրավունքից զրկված։
Ադրբեջանն անտեսել է նույնիսկ 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով պարտադրվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը և անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը: Իսկ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն էլ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին ի պատասխան հրապարակած զեկույցում արձանագրել է․ «Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին»։
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքի նորմերը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը՝ Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական ավիացիայով, ինչպես նաև արգելված զինատեսակներով։ Միտումնավոր թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղահանվել ավելի քան 50.000 խաղաղ հայ բնակիչ։
Հարգարժա՛ն գործընկերներ և միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, դիմում ենք ձեզ կոչով՝ Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի և անպատժելիության դեմ ձեր վերաբերմունքն արտահայտելու և բողոքի ձայնը բարձրացնելու։
Խնդրում ենք Ձեզ այս նամակը փոխանցել նաև Ձեր երկրների կառավարություններին և խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ անտարբեր չլինեն և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին միտված քաղաքականության դեմ։
Վստահում ենք միջազգային ակադեմիական հանրության հզոր ներուժին և հավատով ակնկալում նրա գործուն աջակցությունը մարդկության խաղաղ զարգացմանը նպաստելուն։
Շիրակի պետական համալսարան
Հայաստանի Հանրապետություն, Գյումրի
28.09.2023թ.
ԿՈՉ-ի անգլերեն, ֆրանսերեն․ գերմաներեն և ռուսերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․