Տեղեկատվական-իրազեկման հանդիպում համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ՝ նվիրված ՇՊՀ-ում հետբուհական կրթության հնարավորություններին
2025թ. ապրիլի 23-ին Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ տեղեկատվական-իրազեկման հանդիպում համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ՝ նվիրված ՇՊՀ-ում հետբուհական կրթության առկա հնարավորություններին:
Հանդիպումը կազմակերպվել էր ինչպես ամբիոնների` երիտասարդ մասնագետներով համալրման ուղղությամբ, այնպես էլ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետագա մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կենտրոնի կողմից նախապես վերհանված կարիքների, դրանց վերլուծման և համադրման արդյունքում առանձնացված ուսանողների թիրախային խմբի հետ:
Հանդիպմանը ուսանողներին ողջունեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կենտրոնի գիտական քաղաքականության և նորարարության պատասխանատու Նելլի Սապսզյանը ուսանողներին ներկայացրեց համալսարանում հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունները, ասպիրանտուրա/հայցորդության համակարգ ընդունելության/ձևակերպման պայմանները, առանձնահատկություններն ու տարբերությունները: Ուսանողներին ներկայացվեցին հետբուհական կրթական համակարգի՝ ՇՊՀ-ում առկա մասնագիտությունների ցանկը, ուսման վարձի գործող չափը և ներդրված զեղչային համակարգը, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառելու առանձնահատկությունները:
Հանդիպման վերջում ուսանողները Ն. Սապսզյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:




