Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը»

 

Շիրակի պետական համալսարանի և Տվերի պետական համալսարանի միջև կնքած համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում ս.թ. ապրիլի 22-26-ը ՇՊՀ-ում անցկացված «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» դարձավ գիտության և մշակույթի տոն՝ նպաստելով համալսարանների ակադեմիական հանրույթների համախմբմանն ու հետագա ձեռքբերումների հասնելու ոգեշնչմանը:

Փառատոնի հինգ օրերի ընթացքում ՇՊՀ-ի և ՏՊՀ-ի դասախոսների կողմից ընթերցվեցին պուշկինյան թեմաներով դասախոսություններ, տեղի ունեցավ հանդիպում Տվերի ակադեմիական թատրոնի արտիստ Տարաս Կուզմինի հետ, Գյումրու Ռուսական տանը դպրոցականների և ՇՊՀ ուսանողների մասնակցությամբ անցկացվեցին «Գլագոլիցա», «Երիտասարդ ասմունքողների մրցույթ» և ռուսական ազգային պարերի ուսուցման կրթական ու մշակութային միջոցառումներ:

Ապրիլի 26-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնի» փակման միջոցառումը:

Փառատոնի վերջին օրը միջոցառման մասնակիցները դիտեցին «Հրաժեշտ չենք տա» ֆիլմը և առցանց հանդիպում-քննարկում ունեցան ֆիլմի ռեժիսոր Պավել Դրոզդովի հետ:

Ամփոփիչ աշխատանքային հանդիպման ժամանակ փառատոնի մասնակիցներին առցանց ձևաչափով ողջունեց ՌԴ պատգամավոր, Դաշնային խորհրդի Գիտության, կրթության և մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Լյուդմիլա Սկակովսկայան: ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը, Տվերի պետական համալսարանի պրոռեկտոր Ե. Վասիլևան և Գյումրու Ռուսական տան ղեկավար Ա. Բերյանևն իրենց ամփոփիչ խոսքում խորին շնորհակալություն հայտնեցին փառատոնի բոլոր մասնակիցներին և նրանց, ում ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ու անցկացնել այս հաճելի և արդյունավետ շաբաթը: