Փոխըմբռնման հուշագիր ԵՆԿ ՀԿ-ի հետ

Շիրակի պետական համալսարանի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի միջև գործընկերային հարաբերությունները հաստատվել են շատ վաղուց։

Ստեղծված կապերն ամրապնդելու և ավելի հզորացնելու նպատակով այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն կողմերը համագործակցելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տեղական և միջազգային ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացման, մասնագիտական գրականության փոխանակման, նյութատեխնիկական բազայի օգտագործման և կամավորական բնույթի աշխատանքներում փոխադարձ ներգրավման շուրջ։

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ՇՊՀ-ի ուսանողների հետ, որի ընթացքում ԵՆԿ ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը ներկայացրեց «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի պահանջները և մասնակցության հնարավորությունները։

Հավելենք, որ Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ու Եվրաակումբ Գյումրիի աշխատանքները համակարգում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: