ՇՊՀ-ում շարունակվում են ամբիոնների վարիչների ընտրությունները

 

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգով նախատեսված էր «Հայոց լեզվի և գրականության» ու «Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնների վարիչների ընտրությունը։

«Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել էին նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Արմենուհի Ավագյանն ու ամբիոնի դոցենտ Մարիետա Խաչատրյանը։ «Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնի վարիչի պաշտոնի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Կարինե Սահակյանը, ամբիոնի դոցենտներ Արմինե Թադևոսյանն ու Հայկուհի Կնյազյանը։

Գիտական խորհուրդն «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգով» սահմանված պահանջներին ամբիոնների վարիչների թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն հաստատելուց հետո լսեց նրանց կողմից առաջարկվող «Ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգերը»: Այնուհետև թեկնածուները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին:

Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Մարիետա Խաչատրյանն ընտրվեց «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի, իսկ Արմինե Թադևոսյանը՝ «Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնի վարիչի պաշտոնում։

Շնորհավորում ենք ընտրված ամբիոնի վարիչներին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն՝ ի շահ բուհի հետագա զարգացման։