Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 2

Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները հանդիպեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ։ Ապագա դիմորդների հետ հանդիպումն անցավ ոչ պաշտոնական, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում։ Ռեկտորը ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ նրանցից շատերը կսիրեն Շիրակի պետական համալսարանը ու կվերադառնան այստեղ՝ արդեն որպես ուսանողներ։ Նա մասնակիցներին ներկայացրեց 90-ամյա բուհի պատմությունն ու առաքելությունը, որից հետո պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ապագա դիմորդները շրջեցին ամբիոններում, ծանոթացան ամբիոնների գործունեությանը և այն մասնագիտություններին, որոնցով ֆակուլտետում կատարվում է ընդունելություն։ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտ Աստղիկ Ոսկանյանն էլ սահիկաշարի միջոցով աշակերտներին պատմեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում իր անցած ճանապարհի, եվրոպական կրթական փորձի, դասանցկացման, ուսանողական հանրակացարանների, ուսանողական առօրյայի և տվյալ երկրի ու համալսարանի գրավչության մասին։

Քանի որ ամառային դպրոցի նպատակներից մեկն էլ աշակերտների հանգստի ու ժամանցի կազմակերպումն է, օրվա երկրորդ կեսը նվիրվեց մարզական խաղերի անցկացմանը, որտեղ մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիսի մրցաշարում։