Տեղեկատվական-իրազեկման հանդիպում ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ

Այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնը, Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի հետ համատեղ անցկացրեց ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման հանդիպում բակալավրի առկա ավարտական կուրսերի ուսանողների համար:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ մագիստրատուրայում ուսումը շարունակելը կարևոր է, քանի որ այն ապագա մասնագետներին տալիս է խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կարիերայի զարգացման ավելի լայն հնարավորություններ։

Ն. Ավետիսյանն ուսանողներին ծանոթացրեց ՇՊՀ մագիստրատուրայի ընդունելության անցկացման փուլերին, մրցույթի անցկացման չափանիշների առաջնահերթություններին։ Նա անդրադարձավ նաև մագիստրոսական ուսուցման առանձնահատկություններին։

Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ էլոյանը մասնակիցներին ներկայացրեց պետության կողմից սահմանված և ներբուհական զեղչերի համակարգը, ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողներին ընձեռված հնարավորությունները, անդրադարձավ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների հետվերադարձման կարգին։

Հանդիպման ավարտին Ն. Ավետիսյանը պատասխանեց ուսանողների հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում Ուսանողական խորհրդի կամավորներին՝ հանդիպման ընթացքում մասնագիտական կողմնորոշման և ուսումնառության շարունակականության մասին հարցման իրականացման աշխատանքներին մասնակցելու համար։