ՇՊՀ-ում էին «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնի ներկայացուցիչները
Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնի կլինիկական հոգեբան, տարածաշրջանային հոգետրավմայի Փարիզի հյուսիս բաժանմունքի պրոֆեսոր Մարիշ Էլոիզանին և բժիշկ, մանկական հոգեբույժ, ընտանեկան թերապևտ, PsyDev թիմի (CESP) հետազոտող Սևան Մինասսիանին։
Վերջիններս Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսկան կազմի և ուսանողների համար անցկացրին «Վիշտ և կորուստ» թեմայով դասընթաց։ Թեման արդիական էր և շատ կարևոր, քանի որ դասընթացին ներկա էին գտնվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այժմ ՇՊՀ-ում ուսումնառությունը շարունակող ուսանողներ։
Բանախոսներն անդրադարձան ընտանեկան վիշտ, տեղահանություն և կորուստ տեսած մարդկանց հետ մասնագետների կողմից կատարվելիք աշխատանքների հիմնական փուլերին։
Առաջիկայում Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը Սևան Մինասսիանի հետ համատեղ կատարելու են «Կորստի և վշտի հաղթահարման մոդելների մասին» թեմայով ուսումնասիրություն, որի արդյունքում կհրատարակվի գիտամեթոդական ձեռնարկ։ Ձեռնարկը կծառայի որպես ուղեցույց-ձեռնարկ նման ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց համար։



