ՇՊՀ-ի դպրոցում հնչեցին «Վերջին զանգի» ղողանջները

Այսօր «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դպրոցում հնչեցին «Վերջին զանգի» ավանդական ղողանջները՝ խորհրդանշելով դպրոցական կյանքի ավարտն ու նոր՝ ավելի պատասխանատու և հասուն կյանքի մեկնարկը:

Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին սիրելի ուսուցիչներին՝ համադրելով խոսքը մշակութային արժեքների մասին պատմող գեղեցիկ ելույթներով, երգերով ու պարային համարներով։

Շրջանավարտներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Այս խորհրդանշական օրը նա 12-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Հակոբյանին փոխանցեց ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված գովասանագիրը՝ հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում կենսաբանության առարկայից ցուցաբերած գիտելիքների համար։

Օրը հատկապես հիշարժան էր նաև նրանով, որ ՇՊՀ հիմնական դպրոցի առաջին սերունդ 9-րդ դասարանցիներն այս տարի ավարտեցին իրենց ուսումն այս փուլում։

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություն մասնագիտական կրթության ասպարեզում և վստահ քայլեր դեպի ապագա։

Բարի երթ և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։