Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը

Մարտի 24-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին Գիտական խորհրդի 30 անդամներից 28-ը։

Օրակարգով նախատեսված էր Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի երկու՝ «Աշխարհագրության և սերվիսի» ու «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնների վարիչների ընտրությունը։

«Աշխարհագրության և սերվիսի» ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, աշխ. գիտ. թեկ., դոցենտ Անահիտ Վալեսյանը։ «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնի վարիչի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանն ու կենս. գիտ. թեկ., դոցենտ Լուսինե Մելքոնյանը։

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի» համաձայն՝ Գիտական խորհուրդը նախ հաստատեց ամբիոնների վարիչների թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը նշված կանոնակարգով սահմանված պահանջներին։ Այնուհետև Գիտական խորհրդի անդամները լսեցին թեկնածուների կողմից առաջարկվող «Ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգերը», ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ցանկացողները հանդես եկան ելույթներով:

Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Անահիտ Վալեսյանն ընտրվեց «Աշխարհագրության և սերվիսի» ամբիոնի, իսկ Սամվել Ալեքսանյանը «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնի վարիչ։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց ընտրված ամբիոնի վարիչներին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն։