Հանդիպում բուհի որակի աջակից-ուսանողների հետ
Հոկտեմբերի 22-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից-ուսանողների հետ։ Նա ողջունեց նոր մասնակիցներին և ընդգծեց ուսանողների ակտիվ ներգրավվածության կարևորությունը կրթության որակի ապահովման գործընթացներում։
Գ․ Ավետիսյանի խոսքով՝ ուսանողները, որպես կրթության հիմնական շահառուներ, կարող են ուղղակիորեն գնահատել ուսումնական ծրագրերի որակը, ուսուցման մեթոդները և կրթական միջավայրը։ Նրանց կարծիքները կարևոր են կրթական գործընթացների շարունակական բարելավման և հավատարմագրման գործընթացի հաջող իրականացման համար։
Գ. Ավետիսյանը նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ուսանողներին կարևոր տեղեկատվություն հայտնել համալսարանում կրթության որակի, տրամադրվող ծառայությունների և ռեսուրսների վերաբերյալ, ինչը նպաստում է բուհի կառավարման համակարգում որոշումներ կայացնելու գործընթացին։
Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն ուսանողներին ներկայացրեց 2023-2024 ուստարում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական եվ կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման նպատակով արված հարցումների վերլուծությունը։
Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։



