Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 1
Այսօր Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց Ամառային դպրոցը, որին մասնակցում են Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների շուրջ հիսուն աշակերտներ։
Ամառային դպրոցի առաջին օրը մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև բուհ-դպրոց համագործակցության հարցում։
Այնուհետև աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում․ այցելեցին ընթերցասրահ, գրադարան և սպորտային դահլիճներ։ Արտաքին համագործակցության կապերի կենտրոնում մասնակիցները ծանոթացան ՇՊՀ-ում գործող Էրազմուս+ ծրագրերին և դրանց ընձեռած հնարավորություններին։
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում աշակերտները ծանոթացան ֆակուլտետի պատմությանը, նյութատեխնիկական բազային, ինչպես նաև այն մասնագիտություններին, որոնցով կատարվում է ուսանողների ընդունելություն։ Կենսաբանության և քիմիայի ամբիոնի լաբորատորիաներում ճամբարականների մասնակցությամբ իրականացվեցին լաբորատոր փորձեր կենսաբանությունից և քիմիայից։
Օրվա ավարտին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ իրենց ուսումնառությունը Եվրոպայի գործընկեր համալսարաններում իրականացրած ուսանողներն աշակերտներին ներկայացրին իրենց տպավորություններն ու ձեռք բերած փորձը՝ ոգեշնչելով նրանց ապագա կրթական հեռանկարների հարցում։















