Սեմինար՝ նվիրված ռուսաց լեզվի և գրականության հարցերին
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի միտումներին և ռուս-հայկական գրական կապերին: Բանախոսները «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներն էին։
Սեմինարի ընթացքում բանախոսներն անդրադարձան ռուսաց լեզվի դասավանդման հարցերին, հայ-ռուսական գրական կապերին, հանդես եկան առաջարկություններով, թե ինչ մեթոդների օգնությամբ կարելի է աշակերտների մեջ հետաքրքրություն զարգացնել դեպի ռուս գրականությունը։
Բանախոսներից Միհրան Վարդանյանը (4-րդ կուրս, զեկույցի ղեկավար՝ մ․գ․թ․, դոցենտ Լ․ Մադենյան) ներկայացրեց «Տեսողական միջոցների կիրառումը ռուսաց լեզվի քերականության դասավանդման գործընթացում» թեման, իսկ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Հովհաննիսյանը (զեկույցի ղեկավար՝ մ․գ․թ․, դոցենտ Վ․ Սաֆյան) հանդես եկավ «Մ․ Ա․ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի ուսուցումը ավագ դպրոցում՝ լեզվաոճական առանձնահատկությունների դիտանկյունից» թեմայով զեկույցով։
«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Շարոյանի (զեկույցի ղեկավար՝ բ․գ․թ․, դոցենտ Կ․ Սուքիասյան) զեկույցի թեման էր «Պուշկինյան վայրերը Հայաստանում»։ Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց հայ-ռուսական գրական կապերը պուշկինյան ժամանակաշրջանում։ Նույն կուրսի ուսանողուհի Էմմա Թորոսյանն էլ (զեկույցի ղեկավար՝ մ․գ․թ․, դոցենտ Թ․ Մելիքյան) ներկայացրեց «Բրյուսովը և Հայաստանը» թեմայով զեկույց, որի ընթացքում անդրադարձավ ռուս մեծ բանաստեղծ Վ․ Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» ժողովածուի ստեղծման պատմությանը։
Ապագա մանկավարժները դասախոսների հետ քննարկեցին նաև մասնագիտական այլ հարցեր և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ:










