Ամառային դպրոց. հինգերորդ օր

Ամառային դպրոցի առաջին փուլի վերջին՝ հինգերորդ օրը մասնակիցները ծանոթացան «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտությանը, պրոֆեսոր Վ․ Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտության առանձնահատկություններին։ Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր զրույց մշակույթի, արվեստի և գեղանկարչության մասին։

Հաջորդիվ ինտելեկտուալ և սպորտային խաղերն էին․ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ավարտին լավագույն թիմ ու լավագույն գիտակ ընտրելուց հետո, մասնակիցներն ուժերը փորձեցին սպորտում՝ տարբեր խաղաձևերից նվաճելով լավագույն թիմի և լավագույն մարզիկի կոչում։

Օրն ամփոփվեց համալսարանի բակում, որտեղ աշակերտները ներկայացրին այս հինգ օրերի ընթացքում իրենց ունեցած տպավորություններն ու հույզերը։ Ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռած հրաշալի հնարավորության համար, որի արդյունքում կարողացան անձամբ տեսնել ու պատկերացնել ուսանողական կյանքը և բուհի առօրյան։

Աշակերտները ՇՊՀ-ից հեռացան մասնագիտական հստակ կողմնորոշմամբ և ուսանողի կարգավիճակում ՇՊՀ վերադառնալու ակնկալիքով։

«Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 26-ին։