ՇՊՀ-ի դպրոցում ամանորյա տոնավաճառ էր
Այսօր ՇՊՀ-ի դպրոցում ամանորյա տոնավաճառ էր։ Դպրոցի միջանցքում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի, տաք ըմպելիքներ, յուղանկարներ, փայտից աշխատանքներ, որոշ տաղավարներում էլ աշակերտները տեղում էին պատրաստում թխվածքաբլիթներ։
Տոնավաճառի կազմակերպիչ Լուսինե Իկիլիկյանի խոսքերով՝ տոնավաճառի նպատակը կրթությունն ու մարդասիրությունը միավորելը և մարդասիրության ոգով դաստիարակված անձ ձևավորելն է, ուստի տոնավաճառի ընթացքում հավաքված ամբողջ գումարը նախատեսվում է օգտագործել բարեգործական նպատակով։
Որպես հայրենի քաղաքի հանդեպ սիրո, հոգատարության և պատասխանատվության դրսևորում՝ այսօրվանից դպրոցում բացվեց «Գյումրին իմ աչքերով» թեմայով ցուցահանդեսը, որտեղ տեղ են գտել 10-12-րդ դասարանների գերմաներեն ուսումնասիրող աշակերտների կողմից արված լուսանկարները։























