«Շրջանավարտներ» խորագրով ցուցահանդես ՇՊՀ-ում
Հոկտեմբերի 22-ին Շիրակի պետական համալսարանում բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Հոբելյանական ցուցահանդեսն անցկացվում է Հասարակական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են ՇՊՀ-ի՝ տարբեր տարիների շրջանավարտների կտավները տարբեր ժանրերով․
- «Հայրենիք» — հեղինակ՝ Մամիկոն Վարդերեսյան,
- «Մայրություն» — հեղինակ՝ Ռոման Մակարյան,
- «Հայրենի եզերք» — հեղինակ՝ Շողիկ Մացակյան,
- «Հայկական նատյուրմորտ» — հեղինակ՝ Շողեր Ղահրամանյան,
- «Գյումրու տեսարաններ» — հեղինակ՝ Արթուր Մուրադյան,
- «Նատյուրմորտ սանգինայի տեխնիկայով» — հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան,
- «Նատյուրմոտ յուղաներկով» — հեղինակ՝ Անժելա Մակարյան,
- «Խաչեր» — հեղինակ՝ Արտուշ Կոշտոյան:
Բացման խոսքում Ա․ Մարգարյանը նշեց, որ ներկայացված աշխատանքները տարբեր ոճերի ու ժանրերի են պատկանում, և դրանց ցուցադրման ձևաչափն առավել հստակվեց, երբ ինքը կարողացավ ՇՊՀ-ի Հերոսների հիշատակի անկյունում հավերժացած Նալբանդյանցիների նկարների և ներկայացվող աշխատանքների խորհրդանշական համադրում ու թեմատիկ ընդհանրություններ գտնել: Մասնավորապես՝ Հերոսների հիշատակի անկյան մի կողմում ներկայացված են Հայրենիքը խորհրդանշող նկարները, իսկ մյուս կողմում՝ աղետի հաղթահարման կենսահաստատ ճանապարհը պատկերող նկարները, որոնք խորհրդանշում են Մայրությունը և հայ ընտանիքի սյուն Հավատքը:
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Սպորտի և արվեստի ամբիոնին ու Արաքս Մարգարյանին միջոցառման կազմակերպման և անցկացման համար՝ շեշտելով, որ նման կրթական միջավայրի ստեղծումը կարևոր է ուսանողների գեղագիտական դաստիարակության և հաղորդակցման համար։ Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին մասնակցած շրջանավարտներին, ովքեր շարունակում են պահպանել կապը բուհի հետ՝ ակտիվորեն մասնակցելով նման նախաձեռնություններին։
Երվանդ Սերոբյանը շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած շրջանավարտներին։
















