Ամառային դպրոց. չորրորդ օր

Ամառային դպրոցի չորրորդ օրը մասնակիցները ծանոթացան հանրապետությունում միակ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ ուսուցիչներ պատրաստող  Ռազմական ամբիոնի պատմությանն ու գործունեությանը, շրջայց կատարեցին մասնաշենքում, ներկա գտնվեցին կրակային պատրաստության դասաժամին, այնուհետև այցելեցին ՇՊՀ-ի քոլեջ։

Քոլեջում մասնագիտությունները ներկայացված էին առանձին տաղավարներով։ Քոլեջի ուսանողներն ամառային դպրոցի սաներին ծանոթացրեցին իրենց մասնագիտություններին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու առավելությունները։ Մասնագիտություններին ծանոթանալուց հետո աշակերտները հետևեցին քոլեջում ստեղծված ավանդույթին և իրենց հույզերն արտացոլող մեկական նկար փակցրին «Տրամադրությունների պատին»։

Օրվա երկրորդ կեսին մասնակիցներն ակտիվ հանգիստ անցկացրեցին Շիրակի մարզի պատմամշակութային կոթողներում՝ Հառիճավանքում և Լմբատավանքում, ծանոթացան հայոց հնագույն վանքերի պատմությանը և հարուստ ու վառ տպավորություններով վերադարձան Գյումրի։