ՇՊՀ-ում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական հանդիպումը
Որպես հաշվետվություն և բուհի ֆակուլտետների աշխատակիցներին և ուսանողներին իրազեկելու միջոց՝ ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը դեկտեմբերի 18-ից 20-ն անցկացրեց տեղեկատվական հանդիպումներ։
Հանդիպումների ընթացքում Հ․ Մելքոնյանը մասնակիցներին ներկայացրեց 90-ականներից մինչև մեր օրերն արտաքին համագործակցության շրջանակներում ՇՊՀ-ում (ԳՊՄԻ-ում) կատարված աշխատանքները և դրանց արդյունքները, որոնք հիմնականում իրականացվել են Եվրոմիության Էրազմուս+ (Տեմպուս, Էրազմուս-Մունդուս) ծրագրերի շրջանակներում՝ ընդգրկելով դրա երկու ոլորտները․
- համալսարանների կարողությունների զարգացման ծրագրեր,
- ակադեմիական շարժունության և փոխանակումների ծրագրեր։
Բանախոսը նշեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում ՇՊՀ-ում ներդրվել են արդիական մասնագիտություններ, հիմնվել են կառուցվածքային ստորաբաժանումներ, հարստացել է բուհի նյութատեխնիկական բազան, ինչպես նաև վերապատրաստվել են աշխատակիցները և ուսանողները։
Հ․ Մելքոնյանը կարևորեց այն իրողությունը, որ ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները բավականին ակտիվ են մասնակցում եվրոպական գործընկեր համալսարաններում անցկացվող ակադեմիական շարժունության ծրագրերին։
Բանախոսը ներկայացրեց նաև արտաքին համագործակցության մյուս ոլորտը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը, որոնց իրականացման արդյունքում ևս համալսարանը գրանցել է զգալի ձեռքբերումներ։






















