ՇՊՀ-ում տեղի ունեցավ նորընտիր Գիտական խորհրդի անդրանիկ նիստը
Նոյեմբերի 20-ին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդը նոր կազմով գումարեց իր առաջին և արտահերթ նիստը։
Նիստի մեկնարկին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց գիտական խորհրդի վերընտրված և նորընտիր անդամներին՝ նշելով, որ գիտական խորհրդի անդամ լինելը մեծ պատիվ և պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար։ Նա ընդգծեց, որ իրենց սպասվում է ծանր, բայց կարևոր աշխատանք՝ ուղղված բուհի զարգացմանն ու առաջընթացին։
Օրակարգային երկու հարցերի վերաբերյալ հաղորդում ներկայացրեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։ Թեմաները վերաբերում էին ՇՊՀ-ի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի և բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով 2025-2026 ուստարվա ընդունելության հայտերին։
Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանն էլ հաղորդում ներկայացրեց հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով «Աշխարհագրություն» մասնագիտության առաջին կուրսի երկու ասպիրանտների ուսումնահետազոտական աշխատանքների անհատական պլանների հաստատման մասին։
Քննարկված հարցերի շուրջ գիտական խորհուրդը կայացրեց համապատասխան որոշումներ։
Նիստի ավարտին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ամփոփեց 2024 թվականին բուհի 90-ամյակի միջոցառումների շրջանակում մինչ այժմ իրականացված աշխատանքները և ներկայացրեց առաջիկայում նախատեսված հանդիսավոր նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Իր խոսքում նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՇՊՀ-ի բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այսօր էլ շարունակում են սիրով և նվիրումով համագործակցել և աջակցել իրենց Մայր բուհին։











