«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպում» և «Քաղաքացիական պաշտպանություն» թեմաներով դասընթաց ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Լևոն Հովսեփյանն անցկացրեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպում» և «Քաղաքացիական պաշտպանություն» թեմաներով դասընթաց։
Լևոն Հովսեփյանը մասնակիցներին ներկայացրեց երկրաշարժի ժամանակ տարբեր վայրերում գտնվելու դեպքում կատարվելիք գործողությունների ճիշտ ընթացքը։ Նա մանրամասնեց շենքերից մարդկանց տարահանելու և տուժածներին փրկելու համար անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև երկրաշարժի ժամանակ սեփական անվտանգությունն ապահովելու մեթոդները:
Բանախոսն անդրադարձավ նաև պատերազմի ժամանակ քաղաքացիական պաշտպանության ձևերին, մասնավորապես՝ ազդարարմանը, տարահանմանը, պատսպարմանը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովմանն ուղղված գործողությունների կազմակերպմանը:





