Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի նիստ
Մարտի 21-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին Գիտական խորհրդի 30 անդամներից 29-ը, ինչպես նաև համալսարանի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ:
Օրակարգով նախատեսված էր երկու ֆակուլտետների դեկանների ընտրությունը, սակայն, քանի որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի միակ թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել, տեղի ունեցավ միայն Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը։
Դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր նույն ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Օֆելյա Հովհաննիսյանը։
Առաջնորդվելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգով»՝ Գիտական խորհուրդը նախ հաստատեց Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը նշված կանոնակարգով սահմանված պահանջներին, այնուհետև լսեց նրա կողմից առաջարկվող «Ֆակուլտետի հնգամյա զարգացման հայեցակարգը»։ Դրանից հետո Գիտական խորհրդի անդամներն ու նիստի մյուս մասնակիցները հարցեր ուղղեցին թեկնածուին, իսկ Գիտական խորհրդի անդամներից ցանկացողները հանդես եկան ելույթներով:
Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում Օֆելյա Հովհաննիսյանը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան։
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց նորանշանակ դեկանին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Նիստը շարունակվեց և ավարտվեց ընթացիկ հարցերի քննարկմամբ։




















