ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ը ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։
Ե․ Չարենց
1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր, որը 2005 -ից նշվում է նաև Հայաստանում։
Մայրենիի օրը պետք է տոն լինի յուրաքանչյուր հայի համար, ապրի յուրաքանչյուրի մտքում, սրտում, իսկ լեզուն ու շուրթերը միշտ պետք է արտաբերեն մեսրոպյան այբուբենով սրբագրված անաղարտ լեզուն՝ մեր ոսկեղենիկ մայրենին, որը Ջ․ Բայրոնը համարում էր Աստծու հետ խոսելու միակ լեզուն։
Հին և հնագույն քաղաքակրթություն, մշակույթ ունեցող ազգերի համար մայրենին դառնում է փրկօղակ՝ միջազգային լեզուների տարածմանը զուգահեռ մայրենին անաղարտ պահելու և սերնդեսերունդ փոխանցելու դժվարին, բայց պատվաբեր ու վեհ գործում։
Հայերիս համար բոլորովին այլ է մայրենիի խորհուրդը, քանզի դարեր ի վեր հայն իր ինքնության ու գոյության հարցը լուծել է մայրենի լեզվի և հավատի պահպանմամբ՝ նրանց զորավիգ լինելով, և այդ երկու հիմնասյուներին ապավինելու շնորհիվ էլ կարողացել է դարերի ճանապարհով շարունակել իր հաղթական երթը պատմության քառուղիներով։
Սիրենք և փայփայենք մեր Մայրենին, քանզի․ «Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի»։