Գրքերի շնորհանդես ՇՊՀ-ում

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում կայացավ «Մաթեմատիկայի ձեռնարկ խնդրագիրք» (հեղինակներ` Նիկողոսյան Գ., Մանուկյան Վ.) և «Ֆիզիկայի տեսական և փորձարարական խնդիրներ» (հեղինակներ` Մանուկյան Վ., Սերոբյան Ե., Նիկողոսյան Գ.) աշխատանքների շնորհանդեսը:
Գրքերի հեղինակները նշեցին, որ աշխատանքները հասցեագրված են միջին և ավագ դպրոցում մաթեմատիկա ու ֆիզիկա դասավանդողներին, բուհերի ֆիզիկամաթեմատիկական մասնագիտություններում սովորող ուսանողներին, միջին և ավագ դպրոցի աշակերտներին։ Դրանք կարող են կիրառվել մաթեմատիկայի և ֆիզիկայի արտադասարանական խմբակներում՝ դպրոցական դասընթացի ուսումնական և օլիմպիական ծրագրերի միջև առկա «բացը» լրացնելու նպատակով: Հեղինակների կողմից ընդգծվեց, որ հետազոտությունը կատարվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի շրջանակում:
Հեղինակները գրքեր նվիրեցին շնորհանդեսին ներկա ոլորտի մասնագետներին և ուսանողներին՝ միաժամանակ նշելով, որ աշխատանքների էլեկտրոնային տարբերակները հասանելի են համալսարանի էլեկտրոնային գրադարանի կայքէջում: