ՀՀ-ում Իրանի դեսպանի այցը Շիրակի պետական համալսարան

 Այսօր Շիրակի պետական համալսարան էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունեց դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով այցի համար։ Նա համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը և նշեց, որ 90-ամյա բուհը ոչ միայն հպարտությամբ կրում է իր անցյալի ժառանգությունը, այլև մշտապես ձգտում է նորանոր ձեռքբերումների և զարգացման։ Ե․Սերոբյանը հավելեց, որ համալսարանը միշտ բաց է համագործակցության նոր կապերի հաստատման ու զարգացման համար, ինչն ամրագրված է նաև բուհի զարգացման ռազմավարական ծրագրում։ Որպես վերջինիս առաջնահերթություններից մեկը՝ նշված է Սփյուռքի հայ համայնքների հետ կրթամշակութային կապերի հաստատումը: Այդ նպատակի իրականացման համար Ե Սերոբյանը հայտնեց ՇՊՀ-ի պատրաստակամությունն Իրանի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների հետ համագործակցության հաստատման միջոցով իրանահայ համայնքի համար կրթական, մշակութային ծառայություններ մատուցելու գործում:
Արդյունավետ համագործակցության հաստատման ու զարգացման հարցում կարևորելով գործընկերների մշակույթի և լեզվի նկատմամբ հարգանքն ու արժևորումը՝ Ե. Սերոբյանն առաջարկեց նաև առաջիկայում համատեղ քննարկել ՇՊՀ-ում, ինչպես նաև բուհի դպրոցում ու քոլեջում պարսկերենի ուսուցման դասընթացներ ներդնելուն առնչվող հարցերը:
Դեսպան Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության, ինչպես նաև ուշագրավ առաջարկությունների համար, նշեց, որ ինքը նույնպես կարևորում է երկու երկրների կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հաստատումն ու խորացումը։ Նա ներկայացրեց համագործակցության ուշագրավ առաջարկներ և ասաց, որ իրենք պատրաստ են աջակցել այդ նախաձեռնությունների իրականացմանն ու նպաստել երկու երկրների գիտակրթական կապերի զարգացմանը։ Դեսպանն արտահայտեց նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՇՊՀ-ում իրանագիտության կրթական ծրագրի մշակման, ներդրման և իրականացման աշխատանքներին:
Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ՇՊՀ-ի և Իրանի համալսարանների միջև կապերի հաստատմանը և փոխադարձ ճանաչողական այցերի միջոցով փորձի փոխանակմանն ու համագործակցության ամրապնդմանը։