Իրազեկման հանդիպում ուսանողների հետ

Այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում համալսարանի երեք ֆակուլտետների և Ռազմական ամբիոնի ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն ուսանողներին ներկայացրեց բաժնի կողմից իրականացվող գործառույթները, գործատուների և ուսանողների միջև համապատասխան կապի ստեղծման մեխանիզմները, պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգը, թվարկեց այն բոլոր կետերը, որոնց դեպքում ուսանողն օգտվում է համապատասխան զեղչից, ինչպես նաև ներկայացրեց վարձավճարների զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները։

Պլանային հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիական խմբերի ուսումնական խորհրդատուները։ Նրանցից Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Անդրանիկ Շահինյանը մասնակիցներին ներկայացրեց ուսանողների իրավունքներն ու պարտականությունները։ Առանձին անդրադարձ եղավ նաև գիտելիքների գնահատման և բողոքարկման կարգին։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարցուպատասխան։