Շարունակվում է ՇՊՀ-«Հայկական Կարիտաս» համագործակցությունը
Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների շրջանակում «Հայկական կարիտասը» մեկնարկել է ծրագիր, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանում և Վրաստանում ներառական կրթության զարգացմանը։ Ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի և Վրաստանի մի քանի բուհերի 22 ուսանողներ, ովքեր ուսումնասիրում են ներառական կրթության արդի հիմնախնդիրները։
Հետազոտությունները համակարգվում են Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Քոփֆերի կողմից։ ՇՊՀ-ի ուսանողները համագործակցում են ծնողական խորհուրդների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքների հետ՝ վերլուծելով ոլորտի խնդիրները։ Նախքան հետազոտությունները, նրանք մասնակցել են համապատասխան դասընթացների և կազմակերպել իրազեկման միջոցառումներ։
Փետրվարին ՇՊՀ-ի ուսանողները կմեկնեն Վրաստան՝ գործընկերների հետ տվյալների համադրում և վերլուծություն իրականացնելու։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը՝ հայաստանյան համաժողովում։
Հետազոտությունն իրականացվում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում։










