«Կոռուպցիոն հիմնախնդիրների վերլուծություն և հակակոռուպցիոն ռազմավարության քաղաքականությունը» թեմայով վերապատրաստման դասընթաց ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի համակարգմամբ ՀՀ հակակոռուպցիոն 2023-2026թթ. ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի և ՇՊՀ-ի «Ակադեմիական ազնվության քաղաքականության» խնդիրների շրջանակներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց «Կոռուպցիոն հիմնախնդիրների վերլուծություն և հակակոռուպցիոն ռազմավարության քաղաքականությունը» թեմայով վերապատրաստում։
Բանախոսն էր համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանը։
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։ Նա ներկայացրեց վերապատրաստման նպատակը՝ ընդգծելով պետության կողմից որդեգրված հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում նմանատիպ թեմաներով վերապատրաստումների պարբերաբար անցկացման և հակակոռուպցիոն իրազեկման միջոցառումների կարևորությունը։
Վ. Բաղդասարյանը մասնակիցներին ներկայացրեց «Կոռուպցիա» հասկացության սահմանումը, հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքներն ու հիմնախնդիրները։ Նա նաև ներկայացրեց հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական նպատակները:
Վերապատրաստումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով:





