«Կենսաբանության «էներգիական փոխանակություն» բաժնի խնդիրների լուծումը որպես ինտեգրված ուսուցման ձև» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում անցկացվեց «Կենսաբանության «էներգիական փոխանակություն» բաժնի խնդիրների լուծումը որպես ինտեգրված ուսուցման ձև» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսը Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանն էր:
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց ինտեգրված ուսուցման էությունը, ներառարկայական և միջառարկայական ինտեգրման հնարավորությունները։ Կարևորվեց դրանց դերը ժամանակակից հանրակրթության կազմակերպման, ուսուցման ձևերի և մեթոդների նորացման, ինչպես նաև պետական չափորոշչային պահանջների իրականացման գործում։
Ներառարկայական ինտեգրման օրինակներով Ն․ Ադամյանը բացատրեց օրգանիզմների էներգիական փոխանակման և ջերմակարգավորման մեջ տարբեր համակարգերի փոխկապակցվածությունը։ Անդրադարձավ ֆոտոսինթեզի ու շնչառության կապին, ինչպես նաև կենդանիների էներգիական փոխանակության և արյան շրջանառության առանձնահատկություններին։
Բանախոսը ներկայացրեց իր կողմից մշակված մեթոդաբանությունը՝ «Կենսաբանության «էներգիական փոխանակություն» բաժնի խնդիրների լուծման համար։ Մեթոդաբանության հիմքում սխեմաների ստեղծումն ու հաշվարկների համար ինքնուրույն բանաձևերի մշակումն է։ Վարժությունների միջոցով ցուցադրեց մեթոդների կիրառությունը։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան։