ՇՊՀ-ում անցկացվեցին Էրազմուս+ ծրագրի իրազեկման հանդիպումներ
Շիրակի պետական համալսարանը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային համագործակցության Էրազմուս+ ծրագրի աշխատանքներում: Այժմ բուհը մասնակցում է համալսարանների կարողությունների զարգացման երկու և ուսանողների ու աշխատակիցների ակադեմիական շարժունության յոթ ծրագրերի: Այդ աշխատանքներում առավելագույն մասնակցություն ապահովելու հարցում կարևորելով իրազեկման անհրաժեշտությունը՝ համալսարանի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանն իրազեկման հանդիպումներ անցկացրեց բուհի պրոֆեսորադասախոսկան կազմի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Ռումինիայի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում մեկնարկած Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագիրը, մասնակցության կարգը, ժամկետները և մասնակիցների կողմից իրականացվող աշխատանքների տեսակները։
Հանդիպումների ընթացքում Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Հեղինե Իսահակյանն ու Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Արտակ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակադեմիական շարժունության ծրագիրն իրականացրել են Իոան Կուզայի համալսարանում, գործընկերներին ներկայացրին իրենց ձեռք բերած փորձն ու նմանատիպ ծրագրերին մասնակցելու առավելությունները։












