Էրազմուս+ T4GREEN ծրագրով նախատեսված աշխատանքերի քննարկում
Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները ս.թ. փետրվարի 14-ին մասնակցեցին Էրազմուս+ T4GREEN ծրագրով նախատեսված աշխատանքների հերթական փուլին առնչվող հարցերի առցանց ձևաչափով քննարկմանը:
Ծրագրի համակարգող, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մ. Հարությունյանն իր խոսքում նշեց, որ T4GREEN ծրագրի աշխատանքային երրորդ փաթեթով նախատեսված է առանձնացնել մանկավարժի որակավորում շնորհող այն երեք մասնագիտական ծրագրերը, որոնք պետք է լրամշակվեն կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Դրանք պետք է առնչվեն հատուկ մանկավարժությանը, օտար լեզուներին և ԲՏՃՄ ոլորտին: Որից հետո անցկացվելու է բենչմարքինգ նշված ՄԿԾ-ների ու եվրոպական գործընկեր համալսարանների համապատասխան մասնագիտական ծրագրերի միջև և կազմվելու են վերոնշյալ ՄԿԾ-ների լրամշակված աշխատանքային տարբերակները՝ առաջիկայում Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում նախատեսված վերապատրաստմանը քննարկելու համար:
Որպես աշխատանքային երրորդ փաթեթով նախատեսված գործողությունների վերջնարդյունք՝ կկազմվեն ու կհաստատվեն վերոնշյալ ՄԿԾ-ների վերջնական տարբերակները:
Առցանց հանդիպման ավարտից հետո T4GREEN ծրագրի ՇՊՀ-ի աշխատանքային խումբը քննարկման արդյունքում առանձնացրեց բակալավրի և մագիստրատուրայի այն ՄԿԾ-ները, որոնք վերանայվելու և լրամշակվելու են կանաչ և թվային տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան: Դրանք են. «Հատուկ մանկավարժության» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը մշակվելու է ՀՊՄՀ-ի աշխատանքային խմբի հետ, «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրոսական և «Անգլերեն և գրականություն» մասնագիտության բակալավրի ՄԿԾ-ները:


