«Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները հպարտություն և օրինակ են ուսանողական համայնքի համար
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման՝ 2024 թվականի մրցույթի երկրորդ փուլի մրցութային հանձնաժողովն իրականացրել է մրցույթին ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, որի հիման վրա էլ ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել համապատասխան ոլորտների հաղթողներին:
Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանից «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ են ճանաչվել «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մելինե Ռուբենի Գալոյանը մշակույթ — սպորտի ոլորտում՝ 1–ին տեղ և «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Աշխեն Ոսկանի Հարությունյանը հասարակագիտության ոլորտում՝ 3-րդ տեղ։
Լավագույն ուսանող» մրցույթը տարիներ շարունակ դարձել է կրթական հաստատությունների և ուսանողական համայնքների համար կարևոր իրադարձություն՝ հնարավորություն տալով արժևորելու գիտելիքը, աշխատասիրությունը և հասարակական ակտիվությունը։
Մրցույթի արդյունքներով գնահատվել են մեր համալսարանի ուսանողների գիտական, ստեղծագործական, մարզական և հասարակական ձեռքբերումները։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ ցանկանալով նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ։
Գիտելիքը ուժ է, և այն գործի դնելով՝ մենք կերտում ենք մեր վաղվա օրը։

