Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում անցկացվեց վերապատրաստում Պորտուգալիայում
Էրազմուս+ T4GREEN (Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ից 13-ը Պորտուգալիայի Բեիրայի Ինտերիոր համալսարանը հյուրընկալել էր ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչների Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից: Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ T4GREEN ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Մասարիկի համալսարանի (Չեխիա), Վալլադլոիդի համալսարանի (Իսպանիա) և Բեիրայի Ինտերիոր համալսարանի (Պորտուգալիա) մանկավարժական կրթության իրականացման փորձին և՛ ինստիտուցիոնալ, և՛ ազգային մակարդակներում:
Հնգօրյա վերապատրաստմանը բացման խոսքով հանդես եկավ Ծրագրի համակարգող, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը: Վերջինս ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց T4GREEN ծրագրի նպատակներն ու խնդիրները։ Մարիաննա Հարությունյանն ընդգծեց ծրագրի առանցքային դերը ՀՀ-ում և Մոլդովայում՝ շեշտելով, որ ծրագիրը համահունչ է երկու երկրներում մանկավարժական կրթության բարեփոխումներին:
«Ծրագիրը իրականացվում է ազգային մակարդակում և ծրագրի վերջնարդյունքները լավագույնս կնպաստեն հանրակրթության ոլորտում ազգային նպատակաների իրականացմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիսանում է ծրագրի գործընկեր և աջակցում է ծրագրի իրականացմանը, որի ապացույցն է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ներկայությունը այցին»,-նշեց պրոռեկտոր Հարությունյանը:
Շաբաթվա ընթացքում քննարկվեցին մի շարք կարևորագույն թեմաներ, այդ թվում՝ մանկավարժական կրթության քաղաքականություններն ու պրակտիկաները Եվրոպայում, STE(A)M կրթության զարգացման հարցերը, ինչպես նաև կրթական բարեփոխումների հաջողված օրինակներ ԵՄ-ում: Այցը նշանավորվեց հատկապես Պորտուգալիայի նախկին կրթության նախարար Ժոաո Կոստայի մասնակցությամբ, որը ներկայացրեց «Մանկավարժական կրթության քաղաքականությունների զարգացում» թեման:
Շաբաթվա ավարտին ամփոփիչ քննարկումների միջոցով առանձնացվեցին վերապատրաստման հիմնական ձեռքբերումները և նախանշվեցին ծրագրի հետագա գործողությունները:



















