ՇՊՀ-ում բացվեց ևս մեկ մասնագիտացված լսարան
Ուրախ ենք տեղեկացնել, որ Շիրակի պետական համալսարանում այսուհետ կգործի ևս մեկ մասնագիտացված լսարան՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով, որոնք է՛լ ավելի արդյունավետ և բազմաբովանդակ կդարձնեն ուսումնական գործընթացը։
Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ռուսաց լեզվի և գրականության լսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Լսարանը կահավորվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ՝ ՇՊՀ-ի հետ նախապես կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում։
«Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության կողմից իրականացված ծրագրի շնորհիվ համալսարանը համալրվեց ժամանակակից մոդուլային կահույքով, բազմաֆունկցիոնալ մոնոբլոկներով և մուլտիմեդիա սարքավորումներով։
Միջոցառմանը ներկա էին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայաստանում Ռուսական հումանիտար առաքելության ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը, Գյումրիում Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ոսանողության ներկայացուցիչները։
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ նշելով, որ այս համագործակցությամբ ամեն ինչ արվում է ռուսերեն լեզվի և գրականության նկատմամբ սերը զարգացնելու, գիտելիքներն ավելի կայունացնելու և տարածելու առումով։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ ընդգծեց, որ երկու կառույցների միջև փոխգործակցությունն ամուր և արդյունավետ գործընկերություն է, ինչը նպաստում է միջմշակութային հաղորդակցման զարգացմանը։
Լսարանը նախատեսվում է օգտագործել ոչ միայն Շիրակի պետական համալսարանի համապատասխան մասնագիտություններով սովորող ուսանողների, այլև Գյումրիում գործող ռուսական համայնքի և Շիրակի մարզի մյուս բնակիչների ու դպրոցականների համար՝ ռուսաց լեզվի դասընթացներ, գրական-գեղարվեստական բնույթի միջոցառումներ կազմակերպելու նպատակով:














