«Երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացման հիմնախնդիրները և հեռանկարները ՀՀ-ում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Այսօր՝ Ուսանողների և երիտասարդների օրը, Շիրակի պետական համալսարանում անցկացվեց «Երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացման հիմնախնդիրները և հեռանկարները ՀՀ-ում» թեմայով գիտական սեմինար։ Բանախոսը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, ՇՊՀ Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Արթուր Նաջարյանը, ներկայացրեց երիտասարդական քաղաքականության հիմնական նպատակները, շրջափուլերը և սուբյեկտները։
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելներին, դրանց առանձնահատկություններին, «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հիմնադրույթներին, համայնքային երիտասարդական ծառայությունների անհրաժեշտությանը և երիտասարդական բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությանը։ Քննարկվեցին երիտասարդական աշխատողի հիմնական գործառույթները, անհրաժեշտ կարողություններն ու վարքականոնները։
Սեմինարն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով՝ տարբեր թվային գործիքների կիրառմամբ։





